Նորաստեղծ «Արմենիա պրոդ» ընկերությունը մեկ ապրանքանիշի ներքո կարտահանի հայկական գյուղարտադրանքը

2017-11-03

1ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել նորաստեղծ  «Արմենիա պրոդ» ՍՊԸ-ի շնորհանդեսը, որին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը,   պտուղ-բանջարեղեն վերամշակող մի շարք առաջատար  ընկերությունների ներկայացուցիչներ:

 

Ընկերության հիմնադրման նպատակը  մեկ ապրանքանիշի ներքո  հայկական գյուղարտադրանքն արտասահմանյան շուկա արտահանելը և այլ երկրներում ներկայանալի ու ճանաչելի դարձնելն է:

 

«Մեր վերամշակողները հաճախ ունենում են ֆինանսական, լոգիստիկ, գումարների վերադարձելիության և այլ խնդիրներ: Դրանց լուծման նպատակով պետական աջակցությամբ հիմնվել է «Արմենիա պրոդ» ընկերությունը, որի հիմնական գաղափարը մեկ միասնական բրենդի ներքո հայկական արտադրանքը արտասահմանյան շուկա հանելն է», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:  

 

Նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն իր հերթին նշել է, որ ընկերության ստեղծմամբ տնտեսվարողները հնարավորություն կստանան  արտադրությունը կազմակերպել երաշխավորված պայմանագրային հարաբերությունների հիման վրա:

 

«Այս ընկերության ստեղծմամբ կլուծվի նաև արտադրության օպտիմալացման խնդիրը, որովհետև թե’ հումքի և թե’ մնացած օժանդակ նյութերի կազմակերպված գնումների դեպքում գնային առումով կունենանք ինքնարժեքի իջեցում, որը հնարավորություն կտա արտերկրի շուկաներում լինել ավելի մրցունակ», – ընդգծել է Ռոբերտ Մակարյանը:

 

Միաժամանակ փոխնախարարը նշել է, որ արտասահմանյան շուկայում մրցունակ լինելու համար հարկավոր է ապահովել արտահանվող արտադրանքի բարձր որակը:

 

 Փոխնախարարի խոսքով` ծրագրի հաջողության դեպքում կընդգրկվեն նաև կաթնամթերքի, մսամթերքի, չրերի արտադրության և այլ ոլորտներ, որոնք ունեն   արտասահմանյան շուկա դուրս գալու համար բավարար հզորություններ:

 

Այնուհետև «Արմենիա պրոդ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Հայկ Հովսեփյանը համառոտ ներկայացրել է միջին և փոքր պահածոյագործական ձեռնարկությունների ներկա խնդիրները, մասնավորապես` թույլ մարքեթինգային կարողությունները, արտադրանքի ոչ մրցունակ ինքնարժեքն ու գինը, հումքի մթերման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների սղությունը, արտաքին շուկաներում արտադրանքի մատակարարումից հետո վճարումների ուշացման կամ վճարումներից հրաժարվելու դեպքում իրավիճակի լուծման թույլ հնարավորությունները, արտադրողական փոքր ծավալները և այլն:

 

Նրա խոսքով` ստեղծվող ընկերության հիմնական գործունեությունն ուղղված կլինի վերոնշյալ խնդիրների լուծմանը և տեղական արտադրանքի արտահանումների կազմակերպման ընթացքում առաջացող խոչընդոտների վերացմանը:

 

Ընկերությունը կիրականացնի մարքեթինգային հետազոտություններ արտաքին շուկաներում, բանակցություններ  կվարի տեղական միջին և փոքր արտադրողների և պոտենցիալ գնորդների հետ, կիրականացնի ապրանքների բրենդավորում, փաթեթավորում և լոգիստիկա, ապահովագրության համապատասխան գործիքակազմի կիրառմամբ արտահանումների կազմակերպում:

 

«Ակնկալվում է, որ ընկերության հիմնումը կնպաստի արտադրության  և մթերվող հումքի ծավալների աճին, ապրանքատեսականու օպտիմալացմանը, գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորմանը և զարգացմանը, փոքր և միջին ձեռնարկություններում սննդամթերքի անվտանգության միջազգային չափորոշիչներին համապատասխան համակարգերի ներդրմանն ու զարգացմանը», – ընդգծել է Հայկ Հովսեփյանը:     

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերության գործունեության և արտահանումների կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին 

 

 

 

 

 

 

Տպել