Ձվի դեֆիցիտ չի սպասվում, առաջիկայում կվերականգնվի գների նախկին մակարդակը
2017-11-29
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ հանրապետությունում հավկիթի դեֆիցիտ չի սպասվում, և առաջիկայում շուկայում կվերականգնվի գների նախկին մակարդակը:
Հայաստանի թռչնաբույծների միության տվյալներով` դեկտեմբերի առաջին տասնօրյակից հետո տեղական ձվարտադրության ծավալները էականորեն կաճեն, օրական արտադրությունը կկազմի 2700 արկղ` մինչդեռ օրական միջին սպառումը կազմում է ընդամենը 2200 արկղ, ինչն ամբողջությամբ կապահովի ազգաբնակչության նախատոնական պահանջարկը:
Մասնագետների վերլուծություններով` նոյեմբեր ամսին տեղական արտադրությունը նվազել է 2017 թվականին հայտարարված կարանտինով պայմանավորված ինկուբացիոն ձվի ներկրումների անհնարինության պատճառով:
Ստեղծված իրավիճակը բերել է շուկայում ձվի թանկացման: Ըստ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ձվի շուկայում կատարված մոնիթորինգի արդյունքների՝ այս պահին գերիշխող առևտրային ցանցերում վաճառվող ձվի միջին գինը տատանվում է 65-70 դրամի սահմանում: Նախորդ ամիսների համեմատությամբ դիտարկվել է 2-3 դրամի գնային բարձրացում:
Շուկայում առաջացած բացը լրացնելու նպատակով այս պահին հանրապետության արդյունաբերական ձու արտադրող ընկերություններն իրականացնում են ձվի ներկրումներ ՌԴ-ից:
Առաջիկայում ձեռնարկված միրջոցառումների և տեղական ձվարտադրության ծավալների աճին զուգահեռ գները կկայունանան` վերականգնելով նախկին մակարդակը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը և Հայաստանի թռչնաբույծների միությունը մշտադիտարկումներ են անցկացնում շուկայում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին