«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ-ն միացել է գյուղվարկերի սուբսիդավորման ծրագրին

2017-10-27

1ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը և «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանն այսօր ստորագրել են հուշագիր գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության վերաբերյալ:

 

«Այս ծրագրին արդեն մասնակցում են երկու ֆինանսական կառույցներ` «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկ» ՓԲԸ-ն, «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ն, ինչպես նաև այսօր ծրագրին միացավ «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ-ն, ինչը մեզ համար շատ կարևոր է, քանի որ այս ոլորտում որակյալ ֆինանսական կառույցների առկայությունն ու փորձառությունը կհանգեցնի գյուղատնտեսության ոլորտի ավելի մեծ ֆինանսավորման: Կարծում եմ՝ նման ծրագրերը կնպաստեն, որպեսզի մենք ավելի շուտ անցում կատարենք սոցիալականից դեպի արդյունաբերական գյուղատնտեսություն», – նշել է փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

 

Փոխնախարարի խոսքով՝ ծրագրից օգտվելու համար մարզերում հավաստագրերի տրամադրման դասընթացներն են անցկացվում, այս պահին կա շուրջ 5 հազար դիմորդ, որոնցից 1700-ը մասնակցել է դասընթացներին, իսկ 1300 դիմորդ արդեն ստացել է հավաստագիր:

 

«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանն իր հերթին վստահություն է հայտնել, որ այս ծրագիրը հնարավորւթյուն կընձեռի ֆերմերներին բարելավել իրենց տնտեսությունները. «Կարծում եմ` այս ծրագիրը մասնակիորեն կլրացնի այն բացը, որն այսօր առկա է մեր երկրի գյուղատնտեսության ֆինանսավորման ոլորտում»:

 

Արմեն Գաբրիելյանը նաև վստահեցրել է, որ ծրագրին մասնակցել ցանկացողների համար իրենց ծառայությունները հասանելի կլինեն հանրապետության բոլոր մարզերում, բացառությամբ Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերի:

 

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում շահառուներին տրամադրվում են 3-10 մլն դրամ գումարի չափով, տարեկան 5 % տոկոսադրույքով վարկեր` նախկին 8 %-ի փոխարեն, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների և գյուղատնտեսական կոոպերատիվների համար տոկոսադրույքը կազմում է 3 %: Պոտենցիալ շահառուները ծրագրից օգտվելու համար պետք է պարտադիր ուսուցում անցնեն: Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներում և ստանան հավաստագիր, ինչն էլ իրավունք կտա դիմել ֆինանսական կառույցներին:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

 

Տպել