ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում ընթացիկ և նախատեսվող ծրագրերը

2017-10-11

1Ագրարային ոլորտում 50 մլն դոլար ներդրում է կատարվել, գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրով տրամադրվել է 132 միավոր գյուղտեխնիկա, 2018 թ. կմեկնարկեն կարկտապաշտպան ցանցերի, կաթիլային ոռոգման համակարգի ներդրման, ինտենսիվ այգիների հիմնման ծրագրերը, մշակվում են մի շարք այլ նոր ծրագրեր ու նախաձեռնություններ՝ արդյունավետ, գրավիչ, եկամտաբեր, մրցունակ և ինդուստրիալ գյուղատնտեսություն զարգացնելու համար

 

 

Այսօր տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նախարարը ներկայացրել է 2016-2017 թվականների ընթացքում կատարված աշխատանքները, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում ընթացիկ և նախատեսվող ծրագրերը, պատասխանել լրագրողների հարցերին:

 

«Գյուղատնտեսությունը Հայաստանում թե բնակլիմայական պայմանների, թե մարդկային ռեսուրսների և թե կարողությունների տեսանկյունից ունի զարգանալու մեծ ներուժ, բայց առկա են նաև շատ խնդիրներ, որոնք լուծելու արդյունքում մենք կունենանք ավելի արդյունավետ, գրավիչ, եկամտաբեր, մրցունակ և ինդուստրիալ գյուղատնտեսություն: Այս խնդիրները լուծելով մենք գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողների համար հնարավորություն կստեղծենք ապրել առավել բարեկեցիկ կյանքով և զբաղվել գյուղատնտեսությամբ ոչ միայն իրենց առօրյա կարիքները հոգալու, այլ նաև զարգացած գյուղացիական տնտեսություններ դառնալու համար», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

 

Ոլորտում առկա առավել կարևոր խնդիրների թվում նախարարը, մասնավորապես, մատնանշել է տեխնիկական հագեցվածության ցածր մակարդակը, մատչելի ֆինանսական ռեսուրսների բացակայությունը, ոռոգման համակարգի ոչ լիարժեք ապահովվածությունը, բնակլիմայական աղետներից ապահովվածության բացակայությունը, իրացման խնդրի առկայությունը, կրթական և խորհրդատվական համակարգերի մակարդակի բարձրացման, ինչպես նաև ագրարային ոլորտում օրենսդրական դաշտի բարելավման անհրաժեշտությունը:

 

 

Միաժամանակ նախարարը տեղեկացրել է, որ այդ խնդիրների վերացման ուղղությամբ արդեն իսկ մեկնարկել են մի շարք ծրագրեր, այդ թվում` նաև Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի  ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակում այս տարի տնտեսվարողներին տրամադրվել է 132 միավոր գյուղտեխնիկա: Ընթացիկ տարվա կարևոր նախաձեռնություների թվում նախարարը նշել է նաև Գյուղացիական տնտեսություններին տրամադրվող սուբսիդավորվող մատչելի վարկերի և Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրերը:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից մշակված և 2018 թվականին նախատեսվող ծրագրերի թվում նախարար Իգնատի Առաքելյանը մատնանշել է, Կարկտապաշտպան ցանցերի ներդրման պետական աջակցության ծրագիրը, որով նախատեսվում է տրամադրել կարկտապաշտպան ցանցերի ներդրման վարկ տարեկան մինչև 2 % տոկոսադրույքով, մինչև 7 տարի մարման ժամկետով, Գյուղատնտեսության ոլորտում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման ծրագիրը, որով  գյուղացիական տնտեսություններին կտրամադրվեն տարեկան 2% տոկոսադրույքով տարեկան, 3 տարի մարման ժամկետով վարկեր և Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագիրը, որով նախատեսվում է մինչև 10 հեկտար ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած այգետնկումներ իրականացնող տնտեսվարողներին  պետության կողմից սուբսիդավորվող վարկի ապահովում 5% տարեկան տոկոսադրույքով: Նախարարը նաև նշել է, որ այս ծրագրերն ուղղված են գյուղացիական տնտեսությունների համար մատչելի ֆինանսական ռեսուրսների ապահովմանը:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարը նաև նշել է, որ ընթացիկ տարում  Հայաստանի ագրարային բնագավառում նախատեսվող 120 մլն դոլար ներդրումներից արդեն իրականացվել է 50 միլիոն դոլարի ներդրում, որոնք ուղղվել են ինտենսիվ այգիների հիմնմանը, ինչպես նաև վերամշակող ընկերությունների և անասնաբուծական տնտեսությունների ստեղծմանն ու զարգացմանը:

 

Նախարար Իգնատի Առաելյանի խոսքով` KfW բանկի հետ համատեղ այժմ քայլեր են ձեռնարկվում նաև գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման ուղղությամբ, որով նախատեսվում է այս ոլորտում իրականացնել պիլոտային ծրագիր: Նախարարության առաջիկա նախաձեռնությունների թվում է նաև համայնքային անասնաբույժների ինստիտուտի ներդրումը, ինչը թույլ կտա առավել արդյունավետ կազմակերպել անասնաբուժական ծառայությունների մատուցումը:   

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարն իր խոսքում ընդգծել է մասնագիտական կրթության և խորհրդատվական համակարգերի մակարդակի բարձրացման կարևորությունը:  Խորհրդատվական համակարգի ձևավորման նպատակով հայտարարվել են բաց  մրցույթներ, որոնց  դիմելու հնարավորություն ունեն ներկայացված պահանջներին համապատասխանող բոլոր մասնագետները:

 

Խաղողի մթերման ընթացքի վերաբերյալ նախարարը տեղեկացրել է, որ այս տարի այն անցնում է կազմակերպված կերպով. «Մթերման դիմաց կատարվող վճարումների հետ կապված խնդիրներ առայժմ չկան, դեռ կան նախկինում չվճարված գումարներ, խնդրի լուծումը մենք փորձում ենք տալ մեր հնարավորության սահմաններում», – նշել է նախարարը:

 

 

Անդրադառնալով մսամթերքի շուկայում վերջերս արձանագրված թանկացումներին` նախարարը նշել է, որ խոզի մսի գնի բարձրացումը հիմնականում պայմանավորված է միջազգային շուկայում թանկացման, իսկ ոչխարի մսի թանկացումը` արտահանումների ծավալների կրկնապատկմամբ: Նախարարը վստահություն է հայտնել, որ մսամթերքի թանկացման համար անհանգստանալու կարիք չկա, և շուկան աստիճանաբար կկարգավորվի:

 

 

Նախարարն անդրադարձ է կատարել նաև պարենային անվտանգության ապահովման, տեղական արտադրությամբ ներմուծման փոխարինման անհրաժեշտությանը:

 

Կարևորելով երկրում օրգանական գյուղատնտեսության զարգացման խթանումը, նախարարը նշել է, որ առաջիկայում նախատեսվում է սուբսիդավորել տեղական արտադրության օրգանական պարարտանյութերը:

 

Շարունակվում են նաև սերմնաբուծության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը` Հայաստանում բարձրակարգ սերմերի պաշար ապահովելու և ինքնաբավության մակարդակը բարձրացնելու նպատակով:

 

Անասնապահության ոլորտի հետագա զարգացման նպատակով 2017-2022 թթ. տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակում նախատեսվում է տավարաբուծությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին տարաժամկետ վճարման պայմանով տրամադրել տեղի վերարտադրության տոհմային երինջներ:

 

Նախարարը նաև նշել է, որ ագրարային ոլորտում օրենսդրական դաշտի բարելավման նպատակով մշակման փուլում է «Գյուղատնտեսության մասին օրենքը», որը նախաձեռնելիս հաշվի են առնվել ոլորտի առաջնահերթություններն ու առկա խնդիրները:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տպել