ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է

2017-10-10

logo-MAՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների կողմից  հանրապետության  մի շարք մարզերում իրականացված աշնանային մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ ակտիվացել է կրծողների տարածումն ու զարգացումը, և անհրաժեշտ պայքարի միջոցառումներ չիրականացնելու դեպքում  ձմռան ամիսներին կարող են լրջորեն վնասվել պտղատու և խաղողի այգիները, ինչպես նաև աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքերը:

 

Հնարավոր վնասները կանխելու և գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով Գյուղատնտեսության նախարարությունն իրականացնում է մկնանման կրծողների դեմ լայնածավալ պայքարի միջոցառումների ծրագիր: Ըստ մոնիտորինգի արդյունքների՝ բարձր վարակվածություն ունեցող տարածքներում պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով ՀՀ մարզերին անհատույց հատկացվել են անհրաժեշտ քանակությամբ «Ռոդիֆակում Ս» տեսակի թունաքիմիկատ և օգտագործման վերաբերյալ համապատասխան խորհրդատվական թերթիկներ։

 

 ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է հողօգտագործողներին հետևել մասնագետների խորհուրդներին ու ցուցումներին, սեղմ ժամկետում ավարտել պայքարի աշխատանքները` խստորեն պահպանելով անվտանգությանը ներկայացվող պահանջները:
Լրացուցիչ հարցերի դեպքում հողօգտագործողները կարող են դիմել  Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցների մասնագետներին և «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի ագրոնոմներին:

 

Անհրաժեշտության դեպքում ծրագիրը կշարունակվի նաև 2018 թվականին` գարնանային պայքարի միջոցառումներ կազմակերպելու համար:

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել