Հայաստանի և Լիտվայի գյուղատնտեսության նախարարությունների միջև ստորագրվել է համագործակցության 2018-2019 թվականի գործողությունների ծրագիր

2017-10-05

1Նախօրեին  Երևանում կայացել է առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը:

 

Նիստի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը և Լիտվայի Հանրապետության գյուղատնտեսության փոխնախարար Ռոլանդաս Տառաշկյավիչուսը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Լիտվայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության 2018-2019 թվականի գործողությունների պլան» փաստաթուղթը:

 

Պլանով նախատեսվում է խթանել երկկողմ համագործակցությունն ագրարային ոլորտում և մեկ տարվա ընթացքում  իրականացնել մի շարք համատեղ գործողություններ: Մասնավորապես, գյուղատնտեսական ապահովագրական համակարգի ոլորտում Լիտվան հայկական կողմին կտրամադրի խորհրդատվություն և մեթոդոլոգիական աջակցություն:

 

«Լիտվայում արդեն գործում է գյուղատնտեսական ապահովագրական համակարգ, որը ուսումնասիրելու ենք, և եթե լինեն Հայաստանի համար հետաքրքրական տարրեր, ապա կփորձենք ապագայում այն կիրառել այստեղ»,- նշել է Արմեն Հարությունյանը:

 

Բացի այդ, կողմերը համագործակցելու են նաև անասնապահության ոլորտում, մասնավորապես փորձի փոխանակում են իրականացնելու  այծաբուծական տնտեսությունների զարգացման և կաթնամթերքի արտադրության բնագավառում: Այդ նպատակով Հայաստանից պատվիրակիություն է մեկնելու Լիտվա, որտեղ ներգրավված են լինելու նաև այծաբուծությամբ  և այծի կաթից ստացվող պանրի արտադրությամբ զբաղվող անհատները:

 

Գոհունակություն հայտնելով հայ-լիտվական փոխգործակցության ներկա բարձր մակարդակով`  Ռոլանդաս Տառաշկյավիչուսը նշել է, որ 2016 թվականին ստորագրված գործողությունների ծրագիրը  հաջողությամբ իրականացվել է ի օգուտ կողմերի և այսօր արդեն Հայաստանն ու Լիտվան համատեղ ծրագրերի իրականացման  նոր քայլ են կատարում:

 

 

                                                

 

                   ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության 

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Տպել