Հայաստանի հետ համագործակցութունը դրական օրինակ է` պարենային անվտանգության խնդիրների լուծման առումով. Վլադիմիր Ռախմանին

2017-10-18

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO)  գլխավոր տնօրենի օգնական, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Վլադիմիր Ռախմանինին` Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ՊԳԿ աջակցությամբ իրականացվող ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև հետագա համագործակցության ուղղությունները քննարկելու նպատակով:

 

Հայաստանի ագրարային ոլորտում ընթացող ծրագրերի թվում նախարար Իգնատի Առաքելյանը հատկապես կարևորել է խաղողի և ծիրանի գենետիկական ռեսուրսների պահպանման և կայուն օգտագործման, սպանդանոցների հիմնման, ձկնաբուծության ոլորտում ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման ծրագրերին:

 

Անդրադառնալով ՊԳԿ-ի հետ հետագա համագործակցության առաջնային ուղղություններին` ՀՀ գյուղատնտեսության նախարարը, մասնավորապես, մատնանշել է բնական ռեսուրսների կայուն օգտագործումը, կենդանիների առողջությունը, սննդամթերքի անվտանգության ապահովումը, պարենային անվտանգությունն ու աղքատության կրճատումը։

 

Հանդիպումից հետո Իգնատի Առաքելյանն ու Վլադիմիր Ռախմանինը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ընթացքում ներկայացվել են երկկողմ համագործակցության հետագա ծրագրերն ու նախաձեռնությունները, ինչպես նաև ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև ստորագրվելիք համաձայնագրի դրույթները:

 

«Հայաստանը 1993 թվականից անդամակցել է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը, այդ համագործակցության ընթացքում մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, որոնք մեծապես նպաստել են ոլորտի զարգացմանը: Այս համաձայնագիրը թույլ կտա դյուրացնել հետագա ծրագրերի իրականացումը, ինչպես նաև հիմք կհանդիսանա ավելի լայնածավալ ծրագրերի նախաձեռնման ու ներդրման համար», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

 

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Վլադիմիր Ռախմանինն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը 24 տարիների արդյունավետ համագործակցության համար` ընդգծելով, որ համաձայնագրի ստորագրումը հնարավորություն կտա ամրապնդել գործակցությունը և հասնել ավելիին:  Վլադիմիր Ռախմանինը կարևորել է առավել սերտ համագործակցության անհրաժեշտությունը Հայաստանի հետ` նաև գլոբալ մարտահրավերների դեմ պայքարի համատեքստում, մասնավորապես կլիմայի փոփոխությանը, դրա արդյունքում բույսերի և կենդանիների հիվանդությունների զարգացմանը, ֆերմերների հետ տարվող աշխատանքին, հասարակության ուրբանիզացմանը, պարենային անվտանգությանը և կայուն գյուղատնտեսության զարգացմանն առնչվող հարցերում:

 

Անդրադառնալով Պարենի համաշխարհային օրվան և պարենի անվտանգության գլոբալ խնդիրներին` բանախոսը հավելել է, որ ՊԳԿ-ն այս 72 տարիների ընթացքում աշխատում է աշխարհում  սովն արմատախիլ անելու ուղղությամբ և դրա համար մեծ ջանքեր է  գործադրել, սակայն վիճակագրությունը դեռևս հուսադրող չէ: Նրա խոսքով` 2016 թվականին նախորդ տարվա համեմատությամբ հակամարտությունների, կլիմայի փոփոխությամբ պայմանավորված անբարենպաստ բնակլիմայական պայմանների պատճառով աշխարհում 38 մլն-ով ավելացել է թերսնվողների թիվը` կազմելով 815 մլն:

 

«Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունում մենք համոզված ենք, որ մինչև 2030 թվականը ի զորու ենք աշխարհում արմատախիլ անել սովը, սակայն դրա համար անհրաժեշտ է համախմբել բոլոր նրանց ուժերը, ովքեր հանդես են գալիս պարենային անվտանգության ամրապնդման օգտին: Այդպիսի համագործակցության  դրական օրինակ է Հայաստանը, որը տարիներ շարունակ օժանդակում է պարենային անվտանգության խնդիրների լուծմանը և’ իր երկրի ներսում, և’ տարածաշրջանում,  և’ գլոբալ առումով` համագործակցելով ՊԳԿ-ի հետ», – նշել է Վլադիմիր Ռախմանինը` շնորհակալություն հայտնելով ներդրված ջանքերի համար:

 

Այնուհետև Իգնատի Առաքելյանն ու Վլադիմիր Ռախմանինն այցելել են ՀՀ ԳՆ «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ` «Հայաստանում խաղողի գենետիկական ռեսուրսների պահպանում և կայուն օգտագործում» ծրագրի շրջանակում հիմնված խաղողի և ծիրանի գենետիկական այգիները դիտարկելու նպատակով: Շրջայցին ներկա էին նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներ:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկավության և
հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

 

 

Տպել