Կայացավ «Արենի» գինու 9-րդ փառատոնը

2017-10-09

1Հոկտեմբերի 7-ին արդեն 9-րդ անգամ Վայոց ձորի մարզի Արենի գյուղում կայացավ «Արենի» գինու փառատոնը : Փառատոնին մասնակցել են ավելի քան 20.000 այցելու  ՀՀ տարբեր մարզերից,  ինչպես նաև  զբոսաշրջիկներ և գինու հրավիրյալ  փորձագետներ, ոլորտը լուսաբանող լրագրողներ աշխարհի տարբեր երկրներից: Փառատոնի կազմակերպմանն այս տարի աջակցել է նաև  Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը:  

 

Հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը, կարևորելով փառատոնի դերը հայկական գինիների ճանաչելիության բարձրացման գործում,  ընդգծել է. «Հիմնադրամը մշտապես պատրաստ  է աջակցություն ցուցաբերել գինեգործության  զարգացմանը նպաստող ծրագրերին: Ոլորտը Հայաստանում վերածնունդ է ապրում, որի արդյունավետ առաջընթացի, զարգացման և ճանաչելիության համար կարևոր  էր համախմբել տարբեր ոլորտների և գերատեսչությունների ջանքերը, ինչն արվեց այս տարի փառատոնի շրջանակներում»:

 

«Տեղական գինիները շատ յուրօրինակ և առանձնահատուկ են, ինչպես ամեն ինչը Հայաստանում»,-նշել է գինու փորձագետ Յուրի Յուդիչը Ռուսաստանի Դաշնությունից, ով փառատոնին մասնակցում էր հիմնադրամի հրավերով:

 

Ռեբեկկա Մեյեր-Լիբման, ով Հայաստան էր եկել Կանադայից իր հերթին նշել  է. «Հրաշալի գինի է: Սա իմ առաջին այցն է Հայաստան և եթե անկեղծ լինեմ՝ նախկինում հայկական գինիներ շատ չէի համտեսել: Ես հիացած եմ:  Խմելով  տեղական որակյալ գինին և տեսնելով, թե ինչ աշխատանք եք կատարում գինեգործության ոլորտն էլ ավելի զարգացնելու ուղղությամբ, դժվարանում եմ  պատկերացնել, թե 10 տարի հետո ինչ գինի կարող եք մատուցել աշխարհին»:

 

Անգլիացի փորձագետ , լրագրող Դարրել Ջոզեֆֆը, որը հայկական գինին վերջին տարիներին համտեսել էր  Գերմանիայում և Անգլիայում, նաև աշխարհի այլ երկրներում կազմակերպված գինու փառատոնների ընթացքում, հավելել է.  «Լավ աշխատանք եք տանում:  Մի շարք գինիներ հատկապես շատ հավանեցի, էլ չասեմ, որ Արենին շատ համեղ է»:

 

«Հերթական անգամ իրականություն դարձավ «Արենի» փառատոնը. թե տեղի բնակիչները, թե բազմաթիվ զբոսաշրջիկներ մեծ բավականությամբ մասնակցեցին փառատոնին, ինչի համար անչափ ուրախ եմ»,- ասաց «Արենի» փառատոն հիմնադրամի ղեկավար Նունե Մանուկյանը՝  շնորհակալություն հայտնելով  բոլոր  կազմակերպություններին և անհատներին, ովքեր աջակցեցել են  փառատոնի կյանքի կոչմանը:

 

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչ Արամ Բաբայանն իր հերթին հավելել է, որ  գյուղական համայնքների համաչափ և թիրախային զարգացումը GIZ -ի գործունեության առաջնահերթություններից է, որի  շրջանակներում  խաղողագործության ու գինեգործության հիմադրամի հետ համատեղ որոշվեց աջակցել փառատոնի կազմակերպմանը:  

 

2017-ի փառատոնի կազմակերպմանն աջակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը, Զբոսաշրջության պետական կոմիտեն, Վայոց ձորի մարզպետարանը, Արենի համայնքը, GIZ, USAID միջազգային կազմակերպությունները, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը և մի շարք այլ կազմակերպություններ:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Տպել