Իգնատի Առաքելյանն ընդունել է Վրաստանի գյուղնախարար Լևան Դավիթաշվիլիին

2017-10-13

2ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Վրաստանի գյուղնախարարը Հայաստան է ժամանել  ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հրավերով` մասնակցելու «ԱրմՊրոդԷքսպո» ագրոպարենային ապրանքների միջազգային ամենամյա ցուցահանդեսին:

 

Ողջունելով հյուրերին` նախարար Առաքելյանը կարևորել է երկու հարևան երկրների միջև կապերի ամրապնդումն ու փոխգործակցության խթանումը գյուղատնտեսության ոլորտում, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող համատեղ ծրագրերի իրականացումը:

 

Կողմերը մտքեր են փոխանակել գյուղոլորտում ընթացիկ տարվա ընդհանուր մակրոտնտեսական ցուցանիշների, բնակլիմայական պայմանների ազդեցությամբ արձանագրված զարգացումների շուրջ:

 

Երկու երկրների գյուղատնտեսության նախարարները հատկապես կարևորել են փորձի և տեղեկատվության  փոխանակումն ու համագործակցության զարգացումն ապահովագրական համակարգի ներդրման,  անասնապահության` մասնավորապես ոչխարաբուծության ճյուղի զարգացման, օրգանական գյուղատնտեսության, ինտենսիվ այգիների հիմնման ուղղություններով: 

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել  աշխատանքային ձևաչափ մշակել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները և համագործակցության առավել իրատեսական և շահավետ  ուղղություններն ուսումնասիրելու նպատակով:

 

Հանդիպման ավարտից հետո Իգնատի Առաքելյանը և Լևան Դավիթաշվիլին մեկնել են  մասնակցելու «ԱրմՊրոդԷքսպո» ագրոպարենային ապրանքների միջազգային ամենամյա ցուցահանդեսի բացման արարողությանը:

 

Նախատեսվում է նաև Վրաստանի գյուղնախարարի  այցը մի շարք վերամշակող ընկերություններ: 

 

  ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տպել