Իգնատի Առաքելյանը մասնակցել է Արևելյան գործընկերության Գյուղատնտեսության և գյուղի զարգացման հարթակի հինգերորդ հանդիպմանը

2017-10-04

24Երևանում այսօր մեկնարկել է Արևելյան գործընկերության Գյուղատնտեսության և գյուղի զարգացման հարթակի հինգերորդ հանդիպումը, որի բացման արարողությանը մասնակցել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

 

Այս տարվա միջոցառման հիմնական թեման է գյուղատնտեսութան ոլորտում նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը: Միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել շուրջ 20 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում` նաև Եվրամիության Արևելյան գործընկերության անդամ երկրներից:

 

«Մենք շատ ուրախ ենք, որ Արևելյան գործընկերության Գյուղատնտեսության և գյուղի զարգացման հարթակն այս տարի անց է կացվում Երևանում: Այն թեմաները, որոնք դրված են այս հանդիպման քննարկման հիմքում, մեզ համար շատ կարևոր են, քանի որ աշխարհն արագորեն փոփոխվում է, և այսօր տեխնոլոգիաներն են թելադրում, թե որ ուղղությունն է առավել արդյունավետ, որտեղ կարելի է գումար ներդնել և ներդրումներ ներգրավել, և գյուղատնտեսությունը չի կարող զերծ մնալ այս մրցակցային խաղից: Նորագույն տեխնոլոգիաների կիրառումը թույլ կտա առավել մատչելի գյուղմթերք արտադրել, զարգացնել արտահանումը և ներմուծումը փոխարինել տեղական արտադրանքով», – ողջունելով հանդիպման մասնակիցներին` նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

 

Ընդգծելով, որ գյուղատնտեսությունը Հայաստանում գերակա ուղղություն է և այս ոլորտում ընթացող և առաջիկա ծրագրերով արդեն իսկ նախատեսվում է նոր տեխնոլոգիաների կիրառում (կարկտապաշտպան ցանցերի և ոռոգման նորագույն համակարգերի ներդրում, ինտենսիվ այգիների հիմնում և այլն)` նախարար Իգնատի Առաքելյանը հույս է հայտնել, որ այս հանդիպումը ևս հարմար հարթակ կհանդիսանա նոր ուղղությունների բացահայտման և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետագա ծրագրերը մշակելիս  այստեղ ներկայացված նոր գաղափարների և նորարարական բաղադրիչների ներմուծման համար:

 

Նախարարի համոզմամբ` գլոբալ տնտեսության և մասնավորապես գյուղատնտեսության  զարգացման ոլորտում նորարարությունը և տեխնոլոգիաները կարող են նպաստել ոլորտում արդյունավետության բարձրացմանը և մրցունակության ավելացմանը:

 

Իր խոսքում նախարար Իգնատի Առաքելյանը ընդգծել է նաև գյուղատնտեսության թվայնացման և գյուղատնտեսության բնագավառի տարբեր ճյուղերում ավտոմատացված համակարգերի ներդրման կարևորությունը:

 

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, որն իր զեկույցում անդրադարձել է  գյուղատնտեսության ոլորտում թվայնացման ազդեցությանը:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

Տպել