Քննարկվել են վերամշակող ընկերությունների կողմից ներկայացված մթերման վարկերի հայտերը
2017-09-07
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր քննարկվել են Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրից օգտվելու համար մի շարք ընկերությունների կողմից ներկայացված հայտերը: Քննարկումը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: Ներկա էին նաև «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանը, այլ պատասխանատուներ:
Ծրագրի շրջանակում ագրովերամշակման ոլորտին տրամադրվում են 3 % տոկոսադրույքով, 150.0 մլն դրամի չափով, 1 տարի մարման ժամկետով սուբսիդավորվող վարկեր, որոնք նպատակաուղղվելու են բացառապես մթերվող խաղողի և պտուղ-բանջարեղենի արժեքի վճարմանը:
Քննարկված թվով 9 հայտերից մեծ մասում առկա էին որոշ տեխնիկական խնդիրներ, ընկերություններին ժամկետ է տրվել համապատասխան փոփոխություններ կատարելու համար:
Ռոբերտ Մակարյանի գնահատմամբ՝ ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է:
«Այս պահի դրությամբ արդեն 12 ընկերության կողմից 1,3 մլրդ դրամի հայտ է ներկայացվել, և վերամշակողները շարունակում են ակտիվորեն դիմել: Անցյալ շաբաթ երեք ծրագիր հաստատվել է, և առաջիկա օրերին վարկերը կտրվեն: Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ գումարը տրվում է ոչ թե վերամշակողին, այլ մթերումից հետո անմիջապես փոխանցվում է գյուղացիական տնտեսության հաշվին»,-նշել է Ռոբերտ Մակարյանը:
«Եվրոթերմ» ՓԲԸ տնօրեն Վահե Ղազարյանը նշում է, որ սա լավ սկիզբ է, լավ նախադեպ մթերողների, ֆերմերների և գյուղացիական տնտեսությունների հարաբերությունների զարգացման համար, և վստահաբար նպաստելու է և՛ գների կայունացմանը, և՛ մթերման ավելի ճիշտ ծրագրերի կառուցմանը, և՛ ավելի կայուն գյուղատնտեսության վարմանը:
Ծրագրից օգտվելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարություն է դիմել նաև Իջևանի գինու-կոնյակի գործարանը: Այստեղ սեպտեմբերի 5-ին մեկնակել է խաղողի մթերման գործընթացը: Տնօրեն Ատոմ Եգորյանը նշում է, որ արդեն մթերել են 90 տոննա կարմիր խաղող, ընդհանուր առմամբ նախատեսում են մթերել նվազագույնը 2500 տոննա կարմիր և սպիտակ խաղող, գյուղացիական տնտեսությունների հետ աշխատում են պայմանագրային հիմունքներով: Նրա խոսքով՝ նման ցածր տոկոսադրույքով դրամային վարկերը իրենց կօգնեն, որպեսզի մթերումները լավ կազմակերպվեն, և պարտքեր չկուտակվեն:
Ծրագիրն ավելի ընդլայնված ծավալներով կշարունակվի նաև հաջորդ տարիներին: 2018 թվականից յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկի առավելագույն չափը 150.0 մլն դրամից կբարձրացվի մինչև 1.0 մլրդ դրամ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին