Տեղի է ունեցել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

2017-09-08

1ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

 

Նիստի սկզբում Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը ներկայացրել է Հիմնադրամի կողմից մշակված «Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների մատուցման ուղեցույցը», որում ընդգրկված են գյուղատնտեսության խորհրդատվության հիմնական առաքելությունն ու նպատակները, նախանշված միջոցառումների անցկացման մեթոդաբանությունը:

 

Փաստաթղթի համաձայն` գյուղատնտեսական խորհրդատվության հիմնական գործառույթներն են ֆերմերներին և գյուղատնտեսական կոոպերատիվներին աջակցության ցուցաբերումը, ուսուցման և մասնագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպումը, գյուղատնտեսության ոլորտում տեղեկատվական համակարգի զարգացումը, ֆերմերային տնտեսություններում աշխատանքների պլանավորման ու կառավարման գործընթացին օժանդակումը, խորհրդատվական արդյունավետ գործիքակազմի կիրառումը, անհատական խորհրդատվության մատուցում և այլն:

 

Միաժամանակ կարևորվել է խորհրդատվական համակարգում փորձառու և ժամանակակից գիտելիքներով զինված մասնագետների ներգրավումը:

 

Օրակարգային հարցերի թվում էր նաև նոր ընկերության հիմնադրման հարցը: Ընկերության հիմնական գործունեությունն ուղղված է լինելու ապահովել փոքր ու միջին կազմակերպությունների արտադրանքի վաճառքը  միասնական ապրանքանիշի ներքո:

 

Նիստի ընթացքում ներկայացվել է նաև Հիմնադրամի Գյուղատնտեսության խորհրդատվության տնօրինության հաշվետվությունը, որում հանգամանորեն ներկայացվել են գյուղատնտեսական խորհրդատվության մարզային կառույցների կողմից վերջին ամիսների ընթացքում իրականացված ծրագրերն ու միջոցառումները, այդ թվում` նաև անհատական խորհրդատվությունների տրամադրումը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ իրազեկումը:

 

Նիստի ընթացքում քննարկվել են նաև օրակարգային մի շարք այլ  հարցեր:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել