Գյուղատնտեսության փոխնախարարը ներկայացրել է մթերումների արդյունքները, սուբսիդավորման ծրագրերի ընթացքն ու նոր նախաձեռնությունները

2017-09-08

1 (1)Մթերումներն ընթանում են առանց խոչընդոտների, մթերման վարկերի 12 հայտ  արդեն հաստատվել է, լիզինգով ձեռք է բերվել 101 միավոր տեխնիկա,  շուտով կմեկնարկի սուբսիդավորվող գյուղվարկերի ծրագիրը,  շաբաթ օրը Նոր Նորքում գյուղմթերքի տոնավաճառ կբացվի

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել նախարարի  տեղակալ Ռոբերտ Մակարյանի մամուլի ասուլիսը:

 

Փոխնախարարը տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ հանրապետությունում մթերվել է 35000 տոննա պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  32 600 տոննայի դիմաց:

 

«Մթերումների գործընթացը շարունակվում է առանց խոչընդոտների: Այժմ նախապաստրաստվում ենք խաղողի մթերմանը:  Արդեն  երեք ընկերություն սկսել է մթերումները. 1400 տոննա խաղող է մթերվել: Իրանականցված մոնիթորիգի արդյունքներով` վերամշակող ընկերությունները պատրաստ են գնել շուրջ 140 000 տոննա խաղող»,- նշել է Ռոբերտ Մակարյանը:

 

Փոխնախարարը կոչ է արել գյուղացիական տնտեսություններին խուսափել առանց պայմանագրերի բերքը վերամշակողներին հանձնելուց, որպեսզի հետագայում վճարումների խնդիրներ չլինեն:

 

Անդրադառնալով նախորդ տարիներից մնացած պարտքերին` պարոն Մակարյանը հայտնել է, որ վերամշակողներն ունեն  դեռևս 84,3 մլն դրամի չկատարված պարտավորություններ: Ընկերություններն ըստ ժամանակացույցի կատարում են մարումները: Խնդրահարույց է «Վինար» ընկերության պարտքի չմարված մասը, հարցը նախարարության ուշադրության կենտրոնում է, պայմանավորվություն է ձեռք բերվել  սպիրտի վաճառք կազմակերպելու հարցում:

 

Մթերումների գործընթացը սահուն կազմակերպելու և վերամշակող ընկերությունների կողմից ֆինանսական պարտավորությունները ժամանակին և պատշաճ կատարելու նպատակով այս տարի պիլոտային ծրագիր է մեկնարկել, որի շրջանակում ագրովերամշակման ոլորտին տրամադրվում են 3 % տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկեր: Ծրագրի շրջանակում 12 ընկերությունների հայտեր արդեն հաստատվել են, վերամշակողները շարունակում են ակտիվորեն դիմել: Փոխնախարարն ընդգծել է, որ վարկի գումարը վերամշակողին չի տրամադրվելու, այն կնքված պայմանագրերի համաձայն մթերումից մի քանի օր անց ֆինանսական կազմակերպությունը կփոխանցի գյուղացու հաշվեհամարին:

 

Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագրի  շրջանակում շահառուներին տրամադրվել է 101 միավոր գյուղտեխնիկա, որից 56  միավոր տրակտոր: Գյուղտեխնիկայի ձեռքբերման  պայմաններն են` 20% կանխավճար, տարեկան 2% լիզինգային տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետ` կախված տեխնիկայի տեսակից:

 

Առաջիկայում կառավարությունը կհաստատի սուբսիդավորվող վարկերի ծրագրում փոփոխություն կատարելու մասին նախագիծը` հնարավորություն ընձեռելով գյուղացիական տնտեսություններին ֆինանսական կառույցից վարկը ստանալ տարեկան 5 % տոկոսադրույքով` նախկին 8%-ի փոխարեն,  տրամադրվող գումարի շեմ կսահմանվի 3-10 մլն դրամը` գործող մինչև 3 մլն-ի փոխարեն: Ընդ որում, սոցիալական աջակցություն ստացող համայնքների և գյուղացիական կոոպերատիվների համար տոկոսադրույքն էլ ավելի ցածր կլինի` կազմելով ընդամենը 3 %: Ծրագրից օգտվելու պարտադիր պայման է լինելու ուսուցումն ու հավաստագրումը, որը կիրականացվի Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային մասնաճյուղերի կողմից,  տնտեսությունը նաև պետք է վարկունակ լինի:

 

Ասուլիսի ավարտին Ռոբերտ Մակարյանը նաև տեղեկացրել է, որ սեպտեմբերի 9-ից  յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին զանգվածում` «Պալաս» առևտրի կենտրոնի ետնամասում, կբացվի գյուղմթերքի երրորդ տոնավաճառը: Կասյան փողոցի վերջնամասում և Մաշտոցի պողոտայի հարևանությամբ  այս տարվա ընթացքում արդեն կազմակերպվել է  թվով 38 տոնավաճառ:

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

 և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել