Գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիական տնտեսություններին և վերամշակող ընկերություններին տրամադրելու է մատչելի վարկեր

2017-08-14

logo-MAՀանրապետությունում գործող պտուղ-բանջարեղեն վերամշակող մի շարք ընկերություններում շարունակվում է մթերման գործընթացը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը տեղում ծանոթացել է ընթացող աշխատանքներին և միաժամանակ ներկայացրել ոլորտի զարգացմանն ուղղված գյուղատնտեսության նախարարության նոր նախաձեռնությունները, այդ թվում նաև` մատչելի վարկերի տրամադրման ծրագրերը:

 

Նախարարը, մասնավորապես, նշել է, որ գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրի պայմաններն են՝

 

 

*  Ընկերություններին տրամադրվելու է 3% տոկոսադրույքով վարկ,
*  վարկը տրամադրվելու է  1 տարի ժամկետով,
*  յուրաքանչյուր վերամշակող ընկերություն կարող է ստանալ մինչև 150 մլն դրամ,
*  ծրագրի բյուջեն կազմում է  շուրջ 2.4 մլրդ դրամ,
*  գումարը տրամադրվելու է անմիջապես գյուղացուն:

 

 
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ  օգոստոսի 10-ի դրությամբ հանրապետությունում արդեն մթերվել է շուրջ 16 հազար տոննա պտուղ-բանջարեղեն: Մթերման գործընթացը շարունակվում է:

 

Անդրադառնալով մթերումների դիմաց նախորդ տարիներին կուտակված պարտքերին՝ նախարարը նշել է, որ խնդրահարույց է շարունակում մնալ «Վինար» ընկերության հարցը, որը դեռևս պարտքեր ունի գյուղացիական տնտեսություններին: Գյուղատնտեսության նախարարությունը դիմելու է իրավապահ մարմիններին պարտքի մնացորդը մարելու միջնորդությամբ:

 

Ընկերությունների ղեկավարները նախարարի հետ հանդիպման ժամանակ ընդգծել են նախարարության ծրագրերի կարևորությունը՝ նշելով, որ առաջիկայում հնարավոր են համարում ավելացնել արտադրության ծավալները:

 

Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է նաև, որ փոփոխություններ են արվել գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրում, մասնավորապես՝  

 

*  Գյուղացիական տնտեսություններին տրամադրվելու են  5%, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներին  և գյուղատնտեսական կոոպերատիվներին՝ 3% տարեկան տոկոսադրույքով վարկեր,
*  վարկը տրամադրվելու է   5 տարի մարման ժամկետով,
*  տրամադրվող վարկի գումարի նվազագույն շեմը 3 մլն դրամ է, իսկ առավելագույնը՝ 10 մլն:

 

Առավել մանրամասն՝ կից տեսանյութում.

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տպել