Հնդկացորենի վերամշակման փորձնական ծրագրի արդյունքները. ձեռքբերումներ և նոր ակնկալիքներ
2017-07-20
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն նախօրեին հրավիրել էր խորհրդակցություն` Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի պատասխանատուների և շահառուների մասնակցությամբ հնդկացորենի արտադրության փորձնական ծրագրին առնչվող հարցեր քննարկելու նպատակով: Ծրագրի շրջանակում մինչ օրս բացվել է հնդկացորենի վերամշակման 2 գործարան՝ Շիրակի և Գեղարքունիքի մարզերում:
Շիրակի մարզի Բավրա համայնքում հուլիսի 14-ի բացվել է «Նոր հատիկ» հնդկացորենի վերամշակման գործարանը: Տեղացիները համոզված են, որ Հայաստանի և Վրաստանի սահմանային հատման կետ հանդիսացող Բավրան շուտով հայտնի է դառնալու իր արտադրանքով՝ բարձրորակ հնդկաձավարով: Բավրայի գործարանը համախմբում է 28 կոոպերատիվ Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերից, իսկ գործարանում աշխատում է դեռ երեք մասնագետ, թեպետ ըստ տնօրենի՝ Կորյուն Սումբուլյանի, առաջիկայում աշխատակիցների թիվն աճելու է: Չգազիֆիկացված Բավրայում հնդկաձավարի կեղևն այրելու միջոցով բարձր ջերմային մշակումն ապահովելու նպատակով փայտի փոխարեն Արմավիրից բերված բիովառելիք՝ բրիկետ և հնդկացորենի կեղև են օգտագործում:
Հնդկացորենի վերամշակման ծրագիրը Հայաստանում իրականացնում է Եվրոպական հարևանության գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման (EMPARD ) փորձնական ծրագրով: Կազմակերպությունը 2015 թ-ից աշխատում է առաջնային արտադրող եւ վերամշակող 53 կոոպերատիվների հետ՝ տրամադրելով սարքավորումներ եւ իրականացնելով ֆերմերների մասնագիտական վերապատրաստում: Բավրայի գործարանի կառուցման եւ տեխնիկապես վերազինման համար ծախսվել է 200 հազար եվրո գումար:
Հնդկացորենի վերամշակման գործարանն իր տեսակով միակը չէ Հայաստանում: 2016 թվականի դեկտեմբերին նույն ծրագրով առաջին գործարանը հիմնվել է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում: Նույն տարի էլ ծրագրի շրջանակներում 5 մարզում ցանվել է 520 հա հնդկացորեն, այս տարի արդեն աճել է ցանքատարածությունների թիվը: Նշված գործարանում մտածում են նաև հնդկաձավարից ալյուր ստանալու տարբերակը:
Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման փորձնական ծրագիրն ավարտվում է տարեվերջին:
Ծրագրի պատասխանատուներն ու շահառուները մինչ օրս կատարված աշխատանքն ու սպասվելիք քայլերը ներկայացրել են գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին՝ հրավիրված խորհրդակցության ժամանակ: Նախարարը կարևորել է հնդկացորենի արտադրության ընդլայնումը նաև ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու կառավարության որդեգրած քաղաքականության տեսանկյունից: Շահառուները նշել են, որ ծրագրի շնորհիվ հնարավորություն է ստեղծվել նոր, ոչ ավանդական մշակաբույսի արտադրությամբ զբաղվել, հնդկացորենի մշակությունն առավել եկամտաբեր է, հնարավորություն է տալիս ցանքաշրջանառություն ապահովել, անվճար տրամադրվել Է սերմացու, պարարտանյութ, կազմակերպվել են դասընթացներ: Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել է Բավրայում և Ծովագյուղում ստեղծված հնդկաձավարի արտադրությամբ զբաղվող գործարանների գործունեությանն առնչվող հարցեր: Հանդիպման մասնակիցները առաջարկել են քննարկել գործարանների գազաֆիկացման հարցը` առավել բարձրորակ արտադրանք ստանալու նպատակով: Մասնակիցները ներկայացրել են նաև ներմուծվող հնդկացորենի գնի, մասնագետների համալրման և սարքավորումների տրամադրման հարցերը: Հանդիպման մասնակիցները մասնավորապես տեղեկացրել են, որ վերջին շրջանում զգալիորեն իջել է ներմուծվող հնդկացորենի գինը, մինչդեռ իրենց տվյալներով միջազգային շուկայում գնանկում չի նկատվում, ինչը խնդիր է առաջացնում տեղական արտադրողների համար իրացման հարցում: