Ինդուստրիալ գյուղատնտեսության հետքերով

2017-07-07

1ՀՀ Ազգային ժողովը հունիսի 22-ին հաստատեց կառավարության` 2017-2022 թթ. ծրագիրը: Հնգամյա ծրագրի գյուղատնտեսական բաղադրիչով առաջիկա տարիներին նախատեսվում է գյուղոլորտի մատչելի վարկերի տրամադրում, ապահովագրություն եւ զարգացմանն ուղղված այլ աշխատանքներ, որոնց մասին Banks.am-ին պատմել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

 

Հայկական խաղողի անկրկնելի համը՝ «նոր աշխարհի գինու» հիմք

 

Հայաստանի համար ոչ միայն գյուղատնտեսության, այլեւ արտահանման տեսանկյունից ռազմավարական նշանակություն ունի կոնյակագործության եւ գինեգործության ճյուղը: Այդ իսկ պատճառով՝ ստեղծել ենք Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը, որով նախատեսում ենք մի շարք խնդիրներ լուծել:

 

Մասնավորապես՝ ճիշտ կներկայացվի «հայկական գինի» ասվածը, նրա հարուստ պատմությունը կկիրառվի մարկետինգային քայլերում: Այսօր մենք չենք կարողանում ներկայացնել ու ճիշտ օգտագործել նաեւ մեր խաղողի էնդեմիկ տեսակների (ոսկեվազ, արենի, խնդողնի) յուրահատկությունը, մինչդեռ իրենց համային հատկություններով նրանք անկրկնելի են տարբեր երկրների գինու արտադրության մեջ ու մեծ հնարավորություն ունեն՝ դառնալու նոր աշխարհի գինիների հիմքը:

 

Այս հնարավորությունները պետք է ճիշտ օգտագործենք ու ներկայացնենք աշխարհին, որի համար նախ պետք է սկսենք իրավական դաշտի մշակումից ու այնպիսի հարթակ հիմնենք, որտեղ խաղող աճեցողն ու մշակող գինեգործը կամ կոնյակագործը կխոսեն խնդիրների մասին, կներկայացնեն իրենց պահանջները, կկատարվի համաձայնեցված գնագոյացում, որից հետո էլ կլինի ճիշտ մարկետինգ: Արդյունքում կունենանք իրականություն, որտեղ ե՛ւ խաղողագործը գոհ կլինի իր աշխատանքից, ե՛ւ մթերողն ու արտադրողը:

 

Արդեն իսկ աշխատում ենք խաղողագործության ռեեստրի ստեղծման ուղղությամբ, թվայնացնում ենք այգիները, կազմակերպում ցուցահանդեսներ: Քայլ առ քայլ հասնելու ենք մեր սահմանած նպատակին:

 

Աշխարհագրական թվայնացում՝ հողօգտագործման արդյունավետության հիմքը

 

Այս ծրագիրն ամբողջովին իրականացվելու է Համաշխարհային բանկի եւ Ճապոնիայի գրանտային միջոցներով: Ֆինանսավորման ծավալը կազմում է $1,8 մլն, որի արդյունքում տրվելու են հետեւյալ հարցերի պատասխանները՝ «որտե՞ղ ի՞նչ աճեց, ինչո՞ւ բերքը փչացավ, ո՞ր տարածքում ի՞նչ է մշակվում, որքա՞ն բերք է ակնկալվում» եւ այլն: Մինչ այժմ այդ նպատակով ստիպված էինք զանգահարել մարզեր, գյուղվարչություններ, հանձնաժողովներ ստեղծել, որ տեղում ուսումնասիրություններ կատարեն, իսկ այդ ընթացքում տուժում էր տրամադրվելիք աջակցության կամ խնդրի լուծման օպերատիվությունը:

 

2
Image by: ՀՀ գյուղատնտեսության նախարարության

 

Թվայնացման պարագայում կգործենք ավելի օպերատիվ, կունենանք հստակ պատկերացում՝ ինչ ունենք եւ ինչ կարող ենք ունենալ, որ տարածքում կարող ենք բարձրացնել հողօգտագործման արդյունավետությունը, որ հողերը չեն ոռոգվում կամ մշակվում եւ ինչ պատճառով: Կլինենք տեղեկացված, ինչը կօգնի ավելի արդյունավետ աշխատել:

 

Աշխարհագրական թվայնացման ծրագիրը կընդգրկի բոլոր մարզերը, բացի մայրաքաղաքից, քանի որ այստեղ գյուղատնտեսական մշակման հողերն այնքան էլ մեծ ծավալ չունեն: Նախնական փուլում պիլոտային ծրագիրը կներդնենք մեկ մարզում: Ծրագրի իրականացման համար սահմանել ենք երկու տարվա ժամկետ:

 

Գյուղտեխնիկա՝ պետական աջակցությամբ

 

Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրով այսօր արդեն ունենք 22 տրակտոր եւ 12 միավոր այլ տեխնիկա: Այս ծրագրի պահանջարկը կա, միակ խնդիրը ժամանակատարության հետ է կապված, քանի որ տեխնիկայից օգտվել ցանկացող անձը կամ տնտեսությունը պետք է ներկայացնի ծրագիր, վստահեցնի, որ վարկունակ է, ապա պատվեր գրանցվի, որից հետո՝ մոտ երկու ամիս ժամկետում, արտադրողը բերի այդ տեխնիկան:

 

Այժմ բանակցում ենք Հայաստանում ռուսական, բելառուսական, գերմանական եւ իտալական գյուղտեխնիկայի վաճառքով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի, բացի պատվերից, տեխնիկայի որոշ տեսակներ ունենա այստեղ: Այս ծրագրով մենք ստեղծում ենք պահանջարկ, որից ելնելով՝ ներմուծողը շահագրգռված կլինի ավելի շատ ներմուծել, իսկ մեծ քանակի պարագայում կլինի գնի նվազեցում, ոլորտը կակտիվանա: Սա երկարաժամկետ ծրագիր է, մենք տրակտորը տրամադրում ենք վեց տարով: Երբ գյուղացին տեսնի, որ հարեւանը «լավ գնով» տեխնիկա է ձեռք բերել, ծառայություն է մատուցում, որը շահավետ է, կցանկանա ինքն էլ օգտվել ծրագրից:

 

Կարծում եմ՝ կար ժամանակ, երբ բնակչությունը չէր հասկանում՝սա ինչ-որ մարդկա՞նց, թե՞ բոլորի համար է արվում: Այն, որ նման հնարավորություն պետք է լինի երկրում, փաստ է: Ժամանակի հետ գյուղացին կհասկանա, թե ինչ օգուտ ունի այս ծրագրից:

 

Գյուղատնտեսական կայան՝ ագրոտեխնիկայի մատչելիությունը բոլորին

 

Ծրագիրը նախատեսված է այն մարդկանց եւ տնտեսությունների համար, որոնք չունեն տեխնիկա գնելու հնարավորություն եւ ստիպված են մտածել, թե «պետությունն էլի խոշորի համար արեց, իսկ փոքր ու միջին գյուղացիական տնտեսություններին օգտվելու բան չմնաց»:

 

Կայանի ծրագրով գյուղացուն հնարավորություն է տրվում մատչելի գնով տեխնիկա վարձակալել: Փոքր տնտեսությունների համար, այս կայանի շնորհիվ, կստեղծվի բարձրակարգ գյուղտեխնիկայից օգտվելու հնարավորություն, որը կբարձրացնի նրանց աշխատանքի արդյունավետությունը: Գաղտնիք չէ, որ լավ գյուղտեխնիկա ունենալու պարագայում փոքր տնտեսությունը կարող է մեծ արդյունքի հասնել:

 

Գյուղատնտեսական տեխնիկայի կայանի ծրագիրն իրականացնողների առջեւ դրված է մի քանի ցուցանիշ. նախ նրանք պետք է նվազեցնեն ծառայության արժեքը, որն այսօր բավական բարձր է, քանի որ չկա գյուղտեխնիկա եւ համապատասխան մասնագետներ, որոնք կաշխատեցնեն այն:

 

Եթե գյուղատնտեսություններին խորացման ու կոոպերատիվ ստեղծելու առաջարկ ենք անում, պետք է նաեւ աջակցություն ցուցաբերենք: Պետք է ստեղծենք շղթա, տանք ազդակներ, որ ինդուստրիալ գյուղատնտեսությամբ զբաղվել ցանկացող գյուղացին, տեսնի՝ կա մեկը, ով իրեն ցույց կտա, կսովորեցնի: Ճիշտ է, ծրագիրը երկարաժամկետ է, բայց այն մեծ արդյունք է տալու:

 

Վստահ եմ, որ ժամանակի հետ կավելանա նաեւ այն ընկերությունների թիվը, որոնք նոր տեխնիկա կբերեն, շուկայում մրցակցություն կլինի, որի արդյունքում ծառայությունների գները կնվազեն:

 

Ինտենսիվ պտղատու այգիներ՝ երաշխավորված արտահանման աճ

 

Այսօր ունենք համեղ միրգ, սակայն չունենք երաշխավորված որակ, որն էլ արտահանման հիմնական խոչընդոտներից է: Ամբողջ աշխարհն անցել է հատուկ ստանդարտների՝ չափ, գույն, տեսք, իսկ մեր պտուղն այդ ստանդարտներից հեռու է: Այն աճում կարկուտի ռիսկի ուղեկցությամբ, չկան պայմանագրային հարաբերություններ, եւ գյուղացիական տնտեսությունը չգիտի, թե ում է վաճառելու իր արտադրանքը:

 

Այս պարագայում դժվար է կանխատեսել  եւ կազմակերպել արտահանումը, դժվարություն է ծագում նաեւ գնագոյացման հետ կապված: Իսկ ինտենսիվ պտղատու այգու պարագայում ունենում ենք ինդուստրիալ գյուղատնտեսություն, որն իր հետ բերում է կայունություն: Այստեղ արդեն գյուղացին երաշխավորած է` ինչ այգի ունի, ինչ պտուղ է աճեցնում, ինչ չափի, տեսքի, որակի ու քանակի, իսկ երաշխավորված արտադրանքի դեպքում ապրանքը կհամապատասխանի միջազգային չափանիշներին եւ արտահանման խոչընդոտ չի ունենա: Մեր պտուղ-բանջարեղենը, լավ որակի դեպքում, արտահանման մեծ պոտենցիալ ունի:

 

Ինտենսիվ այգիների հիմնումն էժան ներդրում չէ, սակայն պետությունը սահմանելու է մատչելի վարկային միջոցներ, փորձելու ենք լավագույն օրինակներով ու հաջողության պատմություններով գյուղացուն ցույց տալ այս ծրագրի արդյունավետությունը: Այստեղ ռիսկերը հասցված են նվազագույնի, հետեւաբար՝ համոզված եմ, որ բանակցության դեպքում, անկախ պիլոտային մասից, անգամ ապահովագրական ընկերությունները կհամաձայնեն ապահովագրել ինտենսիվ այգիները:

 

Կաթիլային ոռոգումը՝ զարգացած գյուղատնտեսության հիմք

 

Մեր հիմնական ուղղություններից մեկը գյուղատնտեսության ոլորտում մատչելի ֆինանսական միջոցների ապահովումն է, մասնավորապես՝ կաթիլային ու ցանցային համակարգի համար, քանի որ սրանցից է կախված գյուղատնտեսության հաջողությունը: Իհարկե, մատչելի միջոցներ կլինեն նաեւ այլ ծրագրերի համար. ցանկանում ենք ստեղծել մի շղթա, որը կպտտի մեքենայի բոլոր անիվներն ու առաջ կտանի համակարգը:

  3

Image by: ՀՀ գյուղատնտեսության նախարարության

 

Այս առումով ակտիվ բանակցում ենք բանկային համակարգի հետ: Բնական է, բոլորն էլ ցանկանում են ունենալ բարձր եկամտաբերություն, սակայն մեր առաջարկը հետեւյալն է՝ «դուք տրամադրեք վարկը, մենք էլ մեր ունեցած միջոցների հաշվին պատրաստ ենք սուբսիդավորել x տոկոսը»: Որ բանկն ավելի մատչելի տոկոս կտրամադրի, նրա հետ էլ առաջին հերթին կհամագործակցենք: Բանկերի հետ դեռ քննարկման փուլում ենք, ծրագրերի հաստատման դեպքում կհայտարարենք սուբսիդավորման տոկոսի վերին շեմ:

 

Նպատակային վարկերի շեմի բարձրացում՝ կայուն տնտեսության համար

 

Ներկայում գործող՝ գյուղոլորտի նպատակային վարկերի ծրագրի առավելագույն շեմը 3 միլիոն դրամն է: Որոշել ենք այն սահմանել որպես նվազագույն ծավալ, քանի որ մեր գնահատմամբ՝ դա այն գումարն է, որով գյուղատնտեսությունը կարող է զարգանալ, իսկ վերին շեմը դիտարկում ենք 10 միլիոն դրամը:

 

Բնական է, որ այս ծրագրից օգտվել ցանկացող տնեսությունը կամ կոոպերատիվը պետք է ներկայացնի բիզնես ծրագիր, որը կգնահատվի մեր խորհրդատվական բլոկի կողմիցˋ հասկանալու համար՝ գյուղացին  ճի՞շտ ուղղության վրա է, կարո՞ղ է հետ վերադարձել այդ վարկն ու ի՞նչ օգուտ կունենա դրանից:

 

Ռիսկերի նվազեցումն ու գյուղոլորտի ապահովագրության հնարավորությունները

 

Գյուղոլորտի հիմնական ռիսկերի թվում շարունակում է մնալ կարկուտը: ԱԻՆ ծրագրով շուտով կմեկնարկի հակակարկտային հրթիռային համակարգի գործարկումը:

 4

Image by: ՀՀ գյուղատնտեսության նախարարության

 
Ըստ գնահատականի եւ միջազգային փորձի՝ այն ավելի մեծ ծավալ կծածկի, բայց չպետք է մոռանալ, որ կարկուտից բացի այլ ռիսկեր կան, որոնք ծածկել չենք կարող:  Հետեւաբար, մենք առաջարկում ենք ցանցային համակարգի տարածումն ու կիրառումը, իսկ ռիսկերի դեմ պայքարի հիմնական միջոցը ապահովագրությունն է. քանի դեռ չենք ներդրել ապահովագրական համակարգը, ունենալու ենք թույլ եւ անարդյունավետ գյուղատնտեսություն: Այս պահին գերմանական KFW-ի հետ աշխատանքներ են տարվում, որպեսզի 2018-ից տրվի ապահովագրական համակարգի փորձնական ծրագրի մեկնարկը:

 

Կարեւորը՝ առկա է ոլորտի ապահովագրության քաղաքական կամք. հանրապետության բարձրաստիճան ղեկավարության կողմից հանձնարարական կա՝ օր առաջ ներդնել ապահովագրական համակարգը:

 

Նախնական տվյալով՝ որպես մեկնարկ կընտրենք թիրախային ուղղություններ, որոնք կապահովագրենք:

 

Իգնատի Առաքելյանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը
Լուսանկարները` ՀՀ գյուղատնտեսության նախարարության

Տպել