Գյուղատնտեսության փոխնախարարը երեկ երեկոյան այցելել է Արտաշավան

2017-07-14

1 (2)ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը երեկ երեկոյան կարկտահարության վերաբերյալ ստացված ահազանգի հետքերով  մեկնել էր Արագածոտնի մարզի Արտաշավան համայնք՝ գյուղատնտեսությանը հասցված վնասի չափերը դիտարկելու և իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով:

 

«Բարեբախտաբար այս անգամ տեղացած կարկուտը նախորդ դեպքերի համեմատ ավելի մեղմ էր և մեծ վնասներ չի հասցրել, թեպետ կան տարածքներ, որտեղ վնասվածություն կա: Ինչպես մյուս համայնքներում, Արտաշավանում ևս համայնքային հանձնաժողով կկազմվի, կներգրավվեն նաև մարզային հանձնաժողովի աշխատակիցներ, կկատարվեն հաշվարկներ, և 50 տոկոս ու ավել վնասվածության դեպքերը կներկայացվեն կառավարություն»,- նշել է փոխնախարարը:

 

Դիտարկման արդյունքում պարզվել է, որ Արտաշավանում  որոշակի վնասներ են կրել մոշի, ազնվամորու, ելակի, լոբու մշակաբույսերը, խնձորի այգիներում պտղի ապրանքային տեսքն է տուժել:

 

Աշոտ Հարությունյանի խոսքով` Վայոց ձորի մարզպետարանից ստացված տեղեկատվության համաձայն` կարկուտ է տեղացել նաև մարզի Զառիթափ համայնքի Գոմք բնակավայրում, որտեղ նույնպես համայնքային հանձնաժողով է կազմվել  վնասի չափերը գնահատելու նպատակով:
 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել