Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
2017-06-27
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) փոխտնօրեն, Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի հետ համագործակցության դեպարտամենտի ղեկավար Էլիզաբեթ ֆոն Կապելլերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաևԳործակալության Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Օլիվյե Բուրկին:
Ողջունելով հյուրերին` նախարար Իգնատի Առաքելյանը մեծապես կարևորել է Հայաստանի տարբեր մարզերում Գործակալության աջակցությամբ իրականացված ծրագրերը:
Հանդիպման ընթացքում հյուրերը տեղեկացրել են, որ Հայաստան կատարած այցի շրջանակում այցելել են պանրի արտադրությամբ զբաղվող մի շարք ընկերություններ և իրենց գոհունակությունն են արտահայտել տեղական արտադրանքի բարձր որակով: Անդրադարձ է կատարվել նաև երկրում գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման իրականացման անհրաժեշտությանը:
Պատվիրակության ղեկավար Էլիսաբեթ ֆոն Կապելլերը նշել է, որ Գործակալությունը նպատակադրված է աջակցություն ցուցաբերել Հայաստանում մասնավոր հատվածի զարգացմանը և գյուղատնտեսության ոլորտում ներդրումային նոր նախաձեռնությունների իրականացմանը:
Շվեյցարական կողմը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել թողարկվող արտադրանքի, հատկապես կաթնամթերքի և մսամթերքի որակի բարելավմանը և արտահանումների ծավալների ավելացմանը` միաժամանակ կարևորելով Հայաստանում որակի միջազգային չափանիշների ներդրումն ու սննդամթերքի անվտանգության ապահովումը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին