ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում կայացել է խորհրդակցություն բանկային համակարգի ներկայացուցիչների հետ

2017-06-09

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մոտ այսօր կայացել է խորհրդակցություն, որին մասնակցել են գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը, «ՎՏԲ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ»-ի գլխավոր տնօրեն Յուրի Գուսևը, բանկային համակարգի այլ ներկայացուցիչներ:

 

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում հիմնականում ներկայացվել են գյուղատնտեսությունում հակակարկտային ցանցերի ներդրման պետական աջակցության, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերին վերաբերող հարցեր:

 

«Գյուղատնտեսությունն այսօր համարվում է շատ ռիսկային ոլորտ՝ ներդրում կատարելու համար: Մեր ծրագրերի մի մասն ուղղված են  նրան, որ ներգրավենք նաև այլ մասնակիցներ, ովքեր կկիրառեն նոր տեխնոլոգիաներ և արդյունավետ գյուղատնտեսություն կվարեն»,- նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

 

Ի թիվս այլ հարցերի, ներկայացվել են նաև գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության, գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման և գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրերը:

 

Նախարարն ընդգծել է, որ ակնկալում է համագործակցություն նշված ծրագրերի շրջանակներում:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել