Գուգարքում կազմակերպվել է «Անտառային հրդեհների կանխարգելում և օջախների վերացում» թեմայով արտապլանային հատուկ տակտիկական ուսումնավարժություն
2017-06-29
Համաձայն ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2017 թվականի հունիսի 22-ի N 153-Ա հրամանի` ս.թ. հունիսի 27-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղում անց է կացվել «Անտառային հրդեհների կանխարգելում և օջախների վերացում» թեմայով արտապլանային հատուկ տակտիկական ուսումնավարժություն:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կենտրոնական և մարզային կառույցների, «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Լոռու մարզպետարանի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մարզային փրկարարական վարչության, Վանաձորի քաղաքապետարանի և մի շարք անտառամերձ համայնքների ներկայացուցիչներ:
Ուսումնավարժության նպատակն էր ուսումնասիրել մարզային կազմակերպությունների և համայնքների ղեկավար կազմի հմտություններն ու ունակություններն անտառային հրդեհների կանխարգելման և հրդեհաշիջման գործում,ինչպես նաև ստուգել մարզի փրկարարական վարչության և անտառտնտեսությունների կողմից հաստատված «Անտառների հակահրդեհային պահպանության միջոցառումներ» ծրագրի համապատասխանությունը ստեղծված իրավիճակին:
Ուսումնավարժությունն իրականացվել է երկու փուլով: Առաջին փուլի ընթացքում քննարկվել են հանրապետության անտառների հրդեհավտանգ իրավիճակին, անտառների վրա հրդեհների ազդեցութան վերաբերող հարցեր, ինչպես նաև անտառային հրդեհների 5 տարվա դինամիկան և դրա վերլուծությունը, անդրադարձ է կատարվել օրենսդրական դաշտին, անտառային հրդեհների հայտնաբերման գործում երկրատեղեկատվական համակարգի կիրառման հարցին: Մասնավորապես նշվել է, որ հանգստի կազմակերպման, ինչպես նաև անտառային հատապտուղների հավաքման նպատակով ամառային սեզոնին աճում է ազգաբնակչության հոսքը դեպի անտառային տարածքներ և հաճախ հրդեհային անվտանգության կանոնները խախտելու պատճառով ստեղծվում է հրդեհավտանգ իրավիճակ: Հիշեցվել է, որ չվերահսկվող տարածքներում խարույկներ վառելը, խոտածածկ տարածքներում ապակյա տարաներ, ոչ լրիվ մարած կրակի օջախներ թողնելը կարող են հրդեհների բռնկման և տարածման պատճառ հանդիսանալ, ինչպես նաև վտանգ են ներկայացնում անտառամերձ բնակավայրերի համար, որոնք կարող ենք հայտնվել կրակի շրջափակման մեջ:
Երկրորդ փուլի ընթացքում «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում`Արջուտ համայնքում, իրականացվել է անտառային տարածքի պայմանական հրդեհում և հրդեհաշիջում: Անտառտնտեսության աշխատակիցների ուժերով կատարվել են առաջնային հրդեհաշիջման աշխատանքներ` մինչև ԱԻՆ մարզային փրկարար վարչության Վանաձորի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջների ժամանումը: Բացի այդ, «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից միջոցառման ընթացքում փորձարկվել է անօդաչու թռչող սարք` ընդհանուր պատկերը վերլուծելու, հրդեհի հնարավոր այլ օջախներ հայտնաբերելու նպատակով: