ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

2017-05-16

2ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր հրավիրվել էր աշխատանքային խորհրդակցության` քննարկելու գյուղատնտեսության ոլորտին առնչվող ծրագրերը, որոնք նախատեսվում է ընդգրկվել ՀՀ  2018-2020 թվականների պետական միջնաժամկետ ծախսային  ծրագրի նախագծում: Խոհրդակցությունը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալները, նախարարության աշխատակազմի ղեկավարը, նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ, այլ պատասխանատուներ:

 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ներկայացված ծրագրերի ակնկալվող արդյունքային ցուցանիշները, ֆինանսական գնահատականները, նախանշվել  են կատարման ժամկետները:

 

Գյուղատնտեսության ոլորտի զարգացման նպատակով նախատեսվում է առաջիկա տարիներին իրականացնել մի շարք նոր սուբսիդավորման ծրագրեր, ըստ որի մատչելի պայմաններով վարկային միջոցներ կտրամադրվեն կաթիլային ոռոգման համակարգի, կարկտապաշտպան ցանցերի տեղադրման, մթերման գործընթացի կանոնակարգման, ինտենսիվ այգիների  զարգացման նպատակով: Նշված ծրագրերը նպատակուղղված են բերքատվության ավելացմանը, արտադրության արդյունավետության բարձրացմանը, ծախսերի կրճատմանն ու  գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը: Հանրապետության գյուղտեխնիկայի պարկի թարմացման և վերազինման նպատակով կշարունակվի գյուղտեխնիկայի ձեռքբերման լիզինգի ծրագիրը, ինչպես նաև կստեղծվի գյուղտեխնիկայի կայան` բարձրարժեք տեխնիկայով ծառայություններ մատուցելու համար: 

 

Կիրականացվի ծրագիր «Գյումրիի սելեկցիոն կայանի» և «Երկրագործության գիտական կենտրոնի» հիմքի վրա հացահատիկային մշակաբույսերի, ինչպես նաև մասնավոր հատվածում կարտոֆիլի  առաջնային սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման նպատակով, ինչը կնպաստի  ինքնարժեքի նվազմանը` փոխարինելով ներմուծումը տեղական արտադրանքով:

 

Պետական ֆինանսավորումը նախատեսվում է ուղղել նաև կոոպերատիվների զարգացման, խորհրդատվական համակարգի կատարելագործման, անտառների կառավարման և այլ ծրագրերի իրականացմանը:

 

Խորհրդակցության ընթացքում պատասխանատուներին տրվել են հանձնարարականներ և ցուցումներ առանձին հարցերին առնչվող լրամշակումներ կատարելու վերաբերյալ:

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել