Քննարկվել է հայ-արգենտինական համագործակցության ընդլայնման հնարավորությունը գյուղատնտեսության ոլորտում
2017-04-13
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն նախօրեին ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության բնագավառում հայ-արգենտինական համագործակցության ընդլայնման առավել հեռանկարային ուղիները:
Դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան վերահաստատել է արգենտինական կողմի պատրաստակամությունը խորացնել ագրարային ոլորտում երկկողմ փոխգործակցությունը: Այս համատեքստում կողմերն անդրադարձ են կատարել հունիս ամսին նախատեսվող արգենտինացի փորձագետների այցին, որոնք ժամանելու են հայկական կողմի առաջարկով օժանդակելու խորհրդատվական համակարգի բարեփոխումներին: Հաշվի առնելով արգետինական հարուստ փորձը խաղողագործության և գինեգործության ոլորտում` ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կարևորել է նաև սերտ համագործակցության զարգացումը Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հետ` գինեգործական արտադրության առավել արդյունավետ կազմակերպման և ոլորտի զարգացումն ապահովելու նպատակով:
Տեղեկացնելով, որ Հայաստանում ընթացքի մեջ է գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման լիզինգի ծրագիրը, որը բաց է բոլոր շահագրգիռ կազմակերպությունների համար` նախարար Իգնատի Առաքելյանը հույս է հայտնել, որ այն կարող է հետաքրքրություն ներկայացնել նաև Արգենտինայի գյուղտեխնիկայի մատակարարների համար:
Իգնատի Առաքելյանը արգենտինական կողմին ներկայացրել է հակակարկտային ցանցերի տեղադրման նպատակով նախատեսվող պետական օժանդակության ծրագրերը` պատրաստակամություն հայտնելով հետաքրքրության պարագայում քննարկել արգենտիկական ընկերությունների հետ համատեղ Հայաստանում հակակարկտային ծրագրի իրականացման հարցը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ այլ ծրագրերի իրականացման հնարավորությունը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին