ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կձևավորեն համատեղ աշխատանքային խմբեր
2017-04-13
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ հանդիպմանը` քննարկելու ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀԱԱՀ հետ համատեղ մշակված աշխատանքային ծրագիրը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարը նշել է, որ վարչապետի հանձնարարությամբ գյուղատնտեսության նախարարությունը մեկամսյա ժամկետում պետք է ներկայացնի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիր, որի հիմնական ուղղվածությունը պետք է լինի ներմուծումը ներքին արտադրությամբ փոխարինելը կամ արտահանման խթանումը:
Նախարարն առաջարկել է համալսարանի հետ ստեղծել միասնական աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն թե’ գյուղոլորտի մասնագետներ և թե’ տնտեսագետներ, որոնք տարբեր ուղղություններով հստակ և հիմնավորված ծրագրեր կմշակեն:
«Եթե մենք կարողանանք համապատասխան հաշվարկներով և վերլուծություններով հիմնավորել, որ այդ ծրագրերը մրցակցային են, շահավետ և կարող ենք հաղթող դուրս գալ` ներմուծումը ներքին արտադրության փոխարինելու կամ արտահանումը խթանելու հարցում, ապա դրանք կդառնան ռազմավարական ծրագրերի մաս` պետական աջակցությամբ կամ սուբիսդավորմամբ, որոնք զարգացում կապահովեն:», – իր խոսքում նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Նախարարն անդրադարձել է նաև անասնաբուժության ոլորտին առնչվող խնդիրներին և դրանց լուծման հնարավոր ուղիներին, ինչպես նաև վերամշակման ճյուղի` որպես գյուղատնտեսության ոլորտի կարևոր ուղղության զարգացմանը:
ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանն իր հերթին վերահաստատել է բուհի պատրաստակամությունը շարունակել ակտիվորեն համագործակցել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ ոլորտի զարգացման նպատակով:
«Պետք է համակողմանի աջակցություն լինի գիտական խորհրդատվական առումով համատեղ ուժերով Հայաստանի Հանրապետության ագրոպարենային համակարգի առջև ծառացած խնդիրները որքան հնարավոր է արդյունավետ և կարճ ժամկետներում լուծելու համար», – նշել է Արշալույս Թարվերդյանը:
Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է պատրաստել փաստաթղթեր մի շարք մշակաբույսերի սերմնաբուծության և սերմնարտադրության տնտեսական արդյունավետության, դրանց մշակության առավել նախընտրելի գոտիների և արդյունավետ ցանքաշրջանառության, ցածրարժեք մշակաբույսերը բարձրարժեք մշակաբույսերով փոխարինման, խորհրդատվական ծառայությունների, տոհմաբուծության, անասնաբուծության, կոոպերատիվների, գյուղատնտեսական մթերման արժեշղթայի արդյունավետ մեխանիզմների զարգացման և այլ կարևոր խնդիրների վերաբերյալ։
Այդ նպատակով նախատեսվում է ձևավորել 12 աշխատանքային խումբ և մեկամսյա ժամկետում մշակել ծրագրեր, որոնք համապատասխան փորձաքննությունից հետո կներկայացվեն ՀՀ կառավարության քննարկմանը:
Հանդիպման ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը պատասխանել է նաև ներկաների հարցերին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին