ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը

2017-04-05

5ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Արժույթի Միջազգային Հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամի ղեկավարած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեսը:

 

Հանդիպման ընթացքում  նախարարը ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված կառավարության որդեգրած քաղաքականության հիմնական ուղղությունները, պետական օժանդակության ծրագրերը և նախատեսվող նախաձեռնությունները:

 

 «Մեր հիմնական նպատակն է վերանայել ոլորտի պետական սուբսիդավորման ուղղությունները` գյուղատնտեսությունը զարգացնելու և դարձնելու այն քիչ ռիսկային, շահութաբեր և հետաքրքիր: Հայաստանի գյուղատնտեսությունը կարիք ունի էժան ֆինանսական ռեսուրսների, և մենք նախատեսում ենք տոկոսադրույքների սուբսիդավորմամբ օժանդակել մեր ֆերմերներին առանձին ծրագրերի միջոցով, որոնք ոլորտում զարգացում կապահովեն»,-իր խոսքում նշել է նախարար Առաքելյանը:

 

 Նախարարի խոսքով` այդ նպատակով քննարկման կներկայացվեն  հակակարկտային ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման սուբսիդավորման ծրագրեր: Արդեն իսկ մեկնարկել է  տարեկան 2 % տոկոսադրույքով գյուղտեխնիկայի լիզինգի ձեռքբերման ծրագիրը: Նախարարությունը նախաձեռնել է նաև ՄՏԿ-ի ստեղծման փորձնական ծրագիր`  նաև փոքր ֆերմերներին բարձրակարգ մեխանիզացիայով ծառայություն ապահովելու համար: Բացի այդ, շարունակվում են սուբսիդավորվող պայմաններով պարարտանյութերի, սերմացուների տրամադրման ծրագրերը:

 

Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ նախարարությունը բանակցում է միջազգային դոնոր կազմակերպությունների հետ  GIS տիեզերական հեռազննման համակարգի ներդրման նպատակով, ինչը հնարավորություն կտա ունենալ ոլորտի իրատեսական և հավաստի գնահատականներ և դրանց հիման վրա կանխատեսումներ անել:

 

Կողմերը մտքեր են փոխանակել նաև գյուղատնտեսական կոոպերատիվների խթանման, ապահովագրական համակարգի ներդրման, բնակլիմայական աղետների պատճառով կորուստների նվազեցման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք  այլ հարցերի շուրջ:

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել