Երևանում ընթանում է Թռչնաբույծների միջազգային համաժողովը

2017-04-27

1ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն այսօր մասնակցել է նախօրեին Երևանում մեկնարկած Թռչնաբույծների միջազգային համաժողովին: Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի թռչնաբույծների միության և Եվրասիական թռչնաբույծների ասոցիացիայի կողմից:

 

 Համաժողովի նպատակն է աջակցել թռչնաբուծության ոլորտի ներկայացուցիչների միջև սերտ համագործակցության ստեղծմանը և ոլորտում կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաների շուրջ փորձի փոխանակմանը:

 

Միջոցառմանը մասնակցում էին նաև Եվրասիական թռչնաբույծների ասոցիացիայի նախագահ Սերգեյ Շաբաևը, ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը, թռչնաբուծական սարքավորումներ, կերային հավելումներ և անասնաբուժական դեղամիջոցների արտադրողներ Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից և Բուլղարիայից:

 

«Հայաստանում թռչնաբուծությունը վերջին տարիներին աճ  է գրանցել, հավկիթի տարեկան արտադրության ծավալը ներկայումս կազմում է 655 մլն, բայց ոլորտում դեռևս առկա են խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն, այդ թվում` թռչնամսի ինքնաբավության մակարդակի բարձրացումը,  և դրանց ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ», - նշել է փոխնախարար Աշոտ Հարությունյանը:

 

Նախարարի տեղակալը նաև հավելել է, որ այժմ հանրապետությունում ծրագրեր են մշակվում անասնաբուծության ոլորտում կերարտադրության զարգացման նպատակով:  

 

Տեղեկացնելով, որ համաժողովը Հայաստանում առաջին անգամ անց է կացվել 2014 թվականին` ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն իր հերթին հույս է հայտնել, որ միջազգային մակարդակի այս միջոցառման կազմակերպումը Հայաստանում կկրի ավանդական բնույթ:

 

Միջոցառման ընթացքում ներկայացվել են զեկույցներ թռչնաբուծության արդիական խնդիրների, թռչնաբուծական սարքավորումների, թռչունների կերակրման, բուժման ժամանակակից միջոցների և ոլորտին առնչվող այլ խնդիրների վերաբերյալ:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

 

Տպել