ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հետ քննարկվել է գյուղատնտեսական սուբսիդավորվող վարկերի ծրագրի վերանայման հարցը

2017-04-21

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին ընդունել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանին` սուբսիդավորվող վարկերի  ծրագիրը վերանայելու և նոր պայմանները քննարկելու նպատակով: 

 

 «Գյուղացին պետք է ունենա հնարավորություն ստանալ  մատչելի վարկ իր տնտեսությունը կազմակերպելու համար, բայց ծրագրի այսօրվա տարբերակն արդյունավետ չի գործում, չի ծառայում իր  նպատակին և չի նպաստում գյուղատնտեսության զարգացմանը: Մենք առաջարկում ենք մշակել նոր ծրագիր, որով կխթանենք փոքր ու միջին գյուղացիական տնտեսությունների խոշորացումը և կնպաստենք արդյունաբերական գյուղատնտեսության ստեղծմանը», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

 

Նախարարը առաջարկել է փոխել չափորոշիչները և վերանայել վարկերի տրամադրման պայմանները: Մասնավորապես նախատեսվում է   ուսումնասիրել  սուբսիդավորման ավելացման հնարավորությունը, ինչի արդյունքում  էլ ավելի կնվազի վարկային տոկոսադրույքը և բարձրացնել  տրամադրվող գումարի շեմը: Բացի այդ, տնտեսությունները պետք է ներկայացնեն բիզնես ծրագիր, որպեսզի պետության կողմից սուբսիդավորվող գումարներն առավել արդյունավետ և նպատակային ծախսվեն և ուղղվեն  բացառապես ոլորտի զարգացմանը: 

 

Նախարարն առաջարկել է, որպեսզի ծրագիրը գնահատվի բանկի մասնագետների կողմից, որից հետո կորոշվի շահառուին ֆինանսական կամ նյութական աջակցության տրամադրման հարցը: Միաժամանակ կարևորվել է անհրաժեշտության դեպքում ֆերմերներին խորհրդատվություն տրամադրելու հարցը:

 

 Նշենք, որ այս տարի շարունակվում է 8 % տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկերի տրամադրումը, որի շրջանակում արդեն իսկ տրամադրվել է 700 մլն դրամի չափով գումար:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

Տպել