Մեկնարկել է պատվաստանյութերի բաշխման և գյուղատնտեսական կենդանիների պատվաստումների գործընթացը

2017-03-29

logo-MAՀայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման գործում անփոխարինելի նշանակություն ունի անասնաբուժության ոլորտը։

 Ծրագիրն ունի ռազմավարական նշանակություն, որի իրականացման բնականոն ընթացքով է պայմանավորված հանրապետությունում արտադրվող կենդանական ծագման արտադրանքի անվտանգությունը:

 Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր հանրապետությունում համընդհանուր խնդիր է  կենդանիների վարակիչ, այդ թվում կենդանիների և մարդու համար ընդհանուր (զոոանտրոպոնոզ) հիվանդությունների դեմ պայքարի կազմակերպումը։

 

 Ելնելով հարևան երկրներում տիրող կենդանիների վարակիչ հիվանդությունների բարդ համաճարակային և հանրապետության առանձին մարզերի  կենդանիների վարակիչ հիվանդությունների համաճարակային իրավիճակից, ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հանրապետությունում անասնահամաճարակային կայուն իրավիճակ ստեղծելու և պահպանելու նպատակով յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից, «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում»ծրագրի շրջանակներում, մի շարք  հիվանդությունների նկատմամբ իրականացվում են  անասնահակահամաճարակային կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներ, իսկ ծառայությունների մատուցումը պատվիրակվում է նախարարության «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն»պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

 

  2017 թվականին նախատեսված է իրականացնել խոշոր և մանր եղջերավոր կենդանիների դաբաղ, սիբիրախտ, բրուցելյոզ, խոշոր եղջերավոր կենդանիների նոդուլյար մաշկաբորբ, խշխշան պալար (էմկար), ձիերի սիբիրախտ  և մեղուների վարրոատոզ հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներ:

 

 Արդեն իսկ մեկնարկել է վերոգրյալ պատվաստանյութերի բաշխման և կենդանիների պատվաստման գործընթացը:

 

 Միաժամանակ, համայնքները սպասարկող անասնաբույժների աշխատանքներն առավել արդյունավետ և ժամանակին իրականացնելու համար անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել համայնքներում անասնագլխաքանակի կենտրոնացման, ինչպես նաև կենդանիներին առանց պատվաստման հեռագնա արոտավայրեր տեղափոխել ուղղությամբ:

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել