ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Արարատի մարզ

2017-03-07

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր  այցելել է Արարատի մարզ` մասնակցելու գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին նվիրված մարզխորհրդի նիստին: Միջոցառմանը ներկա էին մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ոլորտի պատասխանատուներ, համայնքապետեր, գյուղացիներ:

 

Արարատի մազպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը նիստի սկզբում զեկուցել է գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների իրականացման ընթացքը` շեշտադրելով ոռոգման համակարգի վերականգնման, ինչպես նաև եղանակային կտրուկ տաքացման դեպքում գարնանային  հնարավոր հեղեղումների և սելավների դեմ իրականացվելիք միջոցառումների խնդիրները: Վարչության պետն անդրադարձել է նաև մթերումների դիմաց, ինչպես նաև պետական աջակցության ծրագրերով պարարտանյութերի և սերմացուների պարտքերի վերադարձին:

 

Անդրադառնալով մթերումների գործընթացի կարգավորմանը` նախարարը տեղեկացրել է, որ մշակվում է ծրագիր,  որով նախատեսվում է մթերողներին էժան, սուբսիդավորվող տոկոսադրույքով վարկային միջոցներ տրամադրել,  ծրագրից օգտվելու համար գործելու է  նախապայման` գյուղացուց մթերված բերքի արժեքը պետք է վճարվի եռօրյա ժամկետում:

 

  «Այժմ մենք ծրագրի ֆինանսավորման ուղղությամբ ենք աշխատում: Եթե կարողանանք  այն գործողության մեջ դնել,  ապա մոտ երկու տարի հետո ընդհանրապես մթերումների հարցում խնդիրներ չենք ունենա: Քանի որ սկզբնապես ֆինանսական միջոցները սահմանափակ են լինելու, սուբսիդավորումը կարվի թիրախային` խաղող, լոլիկ, կաթ, քանի որ դրանց  վճարումների հարցում սովորապես  շատ պարտքեր են կուտակվում, հետագայում ոլորտները կընդլայնվեն»,-իր խոսքում նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

 

Նախարարը նշել է, որ այժմ նաև հանդիպումներ է ունենում խաղողի խոշոր մթերողների հետ, որպեսզի մթերումներն իրականացվեն պայմանագրերով, որոնցում հստակ կարձանագրվեն վճարումների ժամկետները, ինչպես  նաև աշխատանքներ են տարվում խաղողի մթերման  շուկայական նվազագույն գին սահմանելու ուղղությամբ, որը  տարբերակված կլինի ըստ խաղողի տեսակների` հաշվի առնելով դրանց պահանջարկն ու բերքատվությունը:

 

Այս համատեքստում նախարարը նոր տեղեկություններ է ներկայացրել նաև  «Վինար» ընկերության գործի վերաբերյալ:  Նախարարի խոսքով` կա գնորդ, որը պատրաստ է գնել ընկերության սպիրտը, որը բռնագանձվել և կապարակնքվել էր` մթերման պարտքերը մարելու նպատակով: Սակայն լաբորատոր անալիզներով պարզվել է, որ այդ սպրիտը  խաղողի չէ: Այժմ «Վինարը»  երկրորդ նմուշն է տրամադրել, որ ուղարկվել է լաբորատոր հետազոտության: Իր հերթին մարզպետ Արամայիս Գրիգորյանը հավելել է, որ հանդիպել է «Վինարի» ներկայացուցչի և գյուղացիների հետ: Գյուղացիների մի մասը ցանկություն է հայտնել  պարտքերի դիմաց սպիրտ վերցնել, մյուսները նախընտրել են սպասել սպիրտի գնման գործարքի ավարտին: Գյուղացիների այն մտահոգությանը, որ ընկերությունը գնում է սնանկացման, մարզպետը պարզաբանել է, որ սպիրտը կապարակնքված է և պետության ենթակայության տակ է գտնվում, ուստի սնանկացման գործընթացը պարտքերի վճարումների վրա ազդեցություն ունենալ չի կարող:  
Այնուհետև նախարարը համառոտ ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում  իրականացվելիք  ծրագրերը:

 

Անդրադառնալով պետության կողմից պարարտանյութի սուբսիդավորման ծրագրին` նախարարը նշել է, որ նախատեսվում է հաջորդ տարվանից դադարեցնել սուբսիդավորման գործընթացը և ազատականացնել շուկան: Նախարարը նաև տեղեկացրել է, որ գյուղոլորտում ապահովագրական համակարգ ներդնելու նպատակով այս տարի կիրականացվի փորձնական ծրագիր: Միաժամանակ նախարարը վստահություն է հայտնել, որ ապահովագրական համակարգի ներդրումը բարենպաստ պայմաններ կստեղծի  լրացուցիչ ներդրումների իրականացման  և ոլորտի զարգացման համար: Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ մշակվում է նաև կաթիլային համակարգի ներդրման  ծրագիր, ինչպես նաև  նախատեսվում է տեղադրել հողատարածքների արբանյակային մոնիթորինգի տեղեկատվական համակարգ, ինչը թույլ կտա  ունենալ անմշակ և մշակովի հողատեսքերի վերաբերյալ հստակ տեղեկատվություն և մշակել ծրագրեր, որոնց շնորհիվ կավելացվեն մշակովի հողատարածքները:

 

Խորհրդակցության ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց հուզող հարցերը, որոնք, մասնավորապես, վերաբերում էին սերմնաբուծության ոլորտում տեղական ցորենի բերքատվության բարձրացմանը, մարզում ոռոգման ջրի մատակարարման համակարգերի բարելավմանը, հակակարկտային կայանների կիրառման արդյունավետության ապահովմանը: Բարձրացվել է նաև մարզում գյուղատնտեսական տոնավաճառի կազմակերպման անհրաժեշտության հարցը, ինչը հնարավորություն կտա մարզի գյուղատնտեսներին իրացնելու իրենց բերքը: Ի պատասխան` նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ համապատասխան շենքային պայմանների առկայության դեպքում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կարող է  քննարկել այդ առաջարկը միջազգային կարզմակերպությունների հետ:  

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել