Հիմնադրամը կնպաստի գյուղատնտեսության կայուն, մրցունակ և ժամանակակից զարգացմանը

2017-03-10

govԳյուղատնտեսության ոլորտում առկա տարբեր ֆինանսավորման աղբյուրներ ունեցող ծրագրերի մեկ միասնական մարմնի կողմից իրականացման, գյուղացիական տնտեսություններին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և շրջանակի ընդլայնման, ոլորտում դոնորների կողմից իրականացվող ծրագրերի համակարգման, արդյունավետ գյուղատնտեսության զարգացման, ռեսուրսների օպտիմալ բաշխման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ կդադարեցվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեությունը և կստեղծվի Գյուղատնտեսական զարգացման հիմնադրամ: Որոշման նպատակն է հիմնադրամի միջոցով նպաստել հանրապետությունում գյուղատնտեսության կայուն, մրցունակ և ժամանակակից զարգացմանը:

 

Կառավարությունը հավանություն է տվել պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման ոլորտներին և ժամանակացույցին: ՀՀ կառավարության ծրագրով սահմանվել է 2017թ.-ից սկսած մսի իրացման և գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի փուլային անցում՝ մինչև 2021թ. ամբողջովին սպանդանոցային մորթի անցնելու նպատակով: Ըստ կարևորության սահմանվել են կիրառման հետևյալ ոլորտները՝ պետական գնումներով սպանդանոցային ծագման մսի ձեռքբերում (2017թ. մայիսի 1-ից), մսամթերքի արտադրություն` տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում ( 2017թ. նոյեմբերի 1-ից), տեղական արտադրության սպանդանոցային ծագման մսի արտահանում    (2017թ. նոյեմբերի 1-ից), Երևան քաղաքի հանրային սննդի կազմակերպման օբյեկտներում` տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում (2018թ. ապրիլի 1-ից) և այլն: Կարեն Կարապետյանը հորդորել է առավելագույնս հետևողական լինել այդ գործընթացի իրականացման հարցում, որպեսզի բիզնեսի համար խոչընդոտներ չստեղծվեն:

 

2017թ. գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքում հանրապետության հողօգտագործողներին աջակցելու՝ մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման համար կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: ՀՀ մարզպետարաններից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2017թ. գյուղատնտեսական աշխատանքների համար անհրաժեշտ է 34882 տոննա ազոտական, 983.5 տոննա ֆոսֆորական և 903.05 տոննա կալիումական պարարտանյութեր: Նշենք, որ եթե նախորդ տարի ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տրամադրել է 4 մլրդ ՀՀ դրամի բյուջետային վարկ պարարտանյութ ներկրելու և մոտ 2 մլրդ 110 մլն դրամ սուբսիդավորման համար, ապա ընթացիկ տարում պարարտանյութերի տրամադրման ծրագրի սուբսիդավորմանը կուղղվի ընդամենը 900 մլն ՀՀ դրամ, ինչի արդյունքում տնտեսվել է մոտ 1 մլրդ 200 մլն ՀՀ դրամ:

 

Գործադիրը համապատասխան որոշմամբ հաստատել է ՀՀ-ում 2017թ. գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագիրը: Անհրաժեշտ սերմացուները ծրագրի դրույթներին համապատասխան սուբսիդավորված գներով կտրամադրվեն գյուղացիական տնտեսություններին: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում կապահովվի շուրջ 10 հազար հա գարնանացան և գումարը կհատկացվի «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի նպատակային հաշիվներից: Վարչապետը նշել է, որ մարզային այցերի ժամանակ հարց է բարձրացվում այդ սերմերի անարդյունավետության վերաբերյալ, ինչի պատճառով գյուղացիները սուբսիդիաների վերադարձման խնդիր են ունենում: Գործադիրի ղեկավարը ՀՀ գյուղատնտեսության նախարարից հետաքրքրվել է, թե արդյոք կնքվելիք պայմանագրերում ամրագրվել է կողմերի պատասխանատվությունը: Նախարարը պատասխանել է. «Այո, մենք ամրագրել ենք: Սերմերը ստուգվելու են համապատասխան լաբորատորիաներում, արդյունքները հրապարակվելու են»: Կարեն Կարապետյանը հանձնարարել է այդ հարցը պահել ուշադրության կենտրոնում՝ տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար:

 

Աղբյուրը` ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջ

Տպել