Կբարելավվի գյուղատնտեսական կենդանիների պատվաստման աշխատանքների որակը
2017-03-06
Աշխարհի բոլոր պետությունների համար կենդանիների վարակիչ, այդ թվում կենդանիների և մարդու համար ընդհանուր (զոոանտրոպոնոզ) հիվանդությունների դեմ պայքարի կազմակերպումը և արդյունավետ իրականացումը համընդհանուր խնդիր է: Ելնելով հարևան երկրներում տիրող կենդանիների վարակիչ հիվանդությունների ներթափանցման բարձր ռիսկայնությունից և հանրապետության առանձին մարզերի կենդանիների վարակիչ հիվանդությունների համաճարակային իրավիճակից, հանրապետությունում անասնահամաճարակային կայուն իրավիճակ ստեղծելու և պահպանելու նպատակով յուրաքանչյուր տարի ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում»ծրագրի շրջանակներում մի շարք հիվանդությունների նկատմամբ իրականացվում են անասնահակահամաճարակային կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներ, իսկ ծառայություների մատուցումը պատվիրակվում է «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Գյուղատնտեսական կենդանիների պատվաստման աշխատանքների որակի բարձրացման, մատուցվող ծառայությունների բարելավման նպատակով այս տարի«Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն»պետական ոչ առևտրային կազմակերպությունը և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն»հիմնադրամը համատեղ կիրականացնեն ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցառումների կազմակերպումը:
Հիշեցնենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և հիմնադրամի միջև 2017 թվականի փետրվարի 8-ին կնքվել է Համագործակցության Հուշագիր:
Համագործակցության արդյունքում կկատարելագործվեն մեխանիզմներ, որոնք ուղեցույց կհանդիսանան անասնաբուժական գործունեություն իրականացնող անձանց, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին իրականացվող անասնաբուժասանիտարական միջոցառումներ իրականացնողների համար: Կկատարելագործվեն նաև գործուն մեխանիզմներ անասնաբուժության ոլորտում մատուցվող ծառայությունների, մասնավորապես գյուղատնտեսական կենդանիների պատվաստումների գործընթացը տեղում կազմակերպելու և տեղական մասնագետներին ներգրավելու գործընթացը կազմակերպելու ուղղությամբ:
Միաժամանակ, կմշակվի անասնապահությամբ զբաղվող տնտեսությունների հաշվառման և գրանցման արդյունավետ ու մատչելի համակարգ, որը հետագայում կապահովի Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսությունների և անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկատվական բազայի ստեղծումը՝ հստակ տվյալների առկայությամբ:
Կմշակվի բրուցելոզի և այլ սուր վարակիչ հիվանդությունների հայտնաբերման և կանխարգելման նոր տեխնոլոգիաների ու մեխանիզմների փաթեթ` հետագայում Հայաստանի Հանրապետությունում ներդնելու նպատակով:
Կկազմվի աշխատանքների մշտադիտարկման (մոնիթորինգի) ժամանակացույց՝ դրանց իրականացման ժամկետներին և որակին հետևելու նպատակով:
Վերոգրյալ ծառայությունների ոչ պատշաճ իրականացման դեպքում կարող եք դիմել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն՝ զանգահարելով (+37455) 541 968 հեռախոսահամարով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին