Գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է պարարտանյութերի տրամադրման և գյուղտեխնիկայի ձեռքբերման լիզինգի պետական աջակցության ծրագրերը

2017-03-16

Իգնատի ԱռաքելյանՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից քննարկման ներկայացված  «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի  ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրին:

 

Ծրագրի հիմնական նպատակը գյուղացիական տնտեսություններին մատչելի պայմաններով, մասնավորապես լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է, ինչը հնարավորություն կտա սկսել  հանրապետության գյուղտեխնիկայի պարկի վերազինումը:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ ծրագրի շրջանակում շահառուները կարող են գյուղտեխնիկա ձեռք բերել  մատչելի պայմաններով` 20 տոկոս կանխավճարով, տարեկան 2 տոկոս տոկոսադրույքով, 3-10 տարի մարման ժամկետով` կախված տեխնիկայի տեսակից: Մասնավորապես կոմբայնների համար նախատեսվում է 10, տրակտորների համար` 6, հավաքիչ-մամլիչների և շարքացանների համար` 3-6, իսկ այլ գյուղգործիքների համար` 3 տարի մարման ժամկետ:  

 

«ՀՀ կառավարության որոշման հրապարակումից հետո նախարարության կայքում կտեղադրվի լիզինգային ընկերությունների ցանկը, որոնց կարող են դիմել հայտատուները:  Մոտ 2,2 մլրդ դրամի գյուղտեխնիկա կիրացվի լիզինգային այս ծրագրով, որի սուբսիդավորման համար այս տարի կուղղվի 120 մլն դրամ գումար:  Բացի այդ, այժմ քննարկում ենք մեքենա-տրակտորային կայան ստեղծելու ծրագիրը, որպեսզի  այն  տնտեսությունները, որոնք հնարավորություն չունեն գյուղտեխնիկա գնելու կամ վարկունակ չեն,  նույնպես կարողանան այդ ծառայություններից օգտվել»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է նախարարը:

 

 Իգնատի Առաքելյանն անդրադարձել է նաև պարարտանյութերի  տրամադրման պետական աջակցության ծրագրին.

 

«Այս տարի նախապայման է դրվել, որպեսզի ՀՀ մարզպետարանները ներկայացնեն գյուղացիական տնտեսությունների ցանկ, ովքեր դիմել են պարարտանյութի ձեռքբերման համար, որից հետո նախարարությունը պարարտանյութը կտրամադրի տնտեսություններին: Մենք կունենանք պետաջակցության ծրագրից օգտվողների վերաբերյալ հասցեական տեղեկատվություն:  Բացի այդ, գյուղացիական տնտեսություններն այս տարի պետք է վճարումները նախապես կատարեն, որպեսզի խուսափենք պարտքերի կուտակումներից»,- նշել է նախարար:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն այս տարի պարարտանյութերի մատակարարման մրցույթ էր հայտարարել, որտեղ հաղթող են ճանաչվել նվազագույն գնային առաջարկ ներկայացրած 2 ընկերություններ: Պարարտանյութերի ձեռքբերման ծրագրով տնտեսվել է մոտ 1 մլրդ 200 մլն դրամ: Սուբսիդավորման արդյունքում պարարտանյութը գյուղացիական տնտեսություններին կտրամադրվի նախորդ տարվա գներով:

 

Նախարարի տեղեկացմամբ այս պահին մարզերից մոտ 2000 տոննա պարարտանյութի պահանջարկ է ստացվել:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է նաև, որ  գարնանը անհրաժեշտ է իրականացնել հողի հիմնական պարարտացում ֆոսոֆորական և կալիումական պարարտանյութերով, վեգետացիայի ընթացքում, ըստ բույսի պահանջի, սնուցել նաև ազոտական պարարտանյութով:

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

                                                                                                                                                                                 և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տպել