Ներկայացվել են «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության» փոքր ֆերմերներին աջակցության ծրագրերը
2017-02-02
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մասնակցել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից համաֆինանսավորվող և իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության» (ՕԳԱՆ) շրջանակում փոքր ֆերմերների և ֆերմերային խմբերի ծրագրերի ներկայացմանը: Մրցույթին ներկայացվել էր 130 ծրագիր, որոնցից արդյունքում հաստատվել էր 28 հայտադիմում:
«Օրգանական գյուղատնտեսությունը Հայաաստնում մեծ ներուժ ունեցող ուղղություն է և ընդգրկված է գյուղատնտեսության ռազմավարական ծրագրի մեջ: Ամբողջ աշխարհում ներկայումս առկա է օրգանական արտադրանքի մեծ պահանջարկ, և այս ոլորտի ճիշտ կազմակերպման, կայուն որակի և քանակի ապահովման դեպքում հնարավոր է ապահովել հայկական արտադրանքի մրցունակությունն արտասահմանյան շուկայում», - ողջունելով հյուրերին` նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Միջոցառման ընթացքում քննարկվել է նաև Նյուրնբերգում կայանալիք Օրգանական սննդամթերքի ցուցահանդեսին հայկական արտադրանքը ներկայացնելու հնարավորությունը:
Ավստրիական զարգացման գործակալության ՕԳԱՆ ծրագրի ղեկավար Դեյվիդ Մուքենհուբերն իր ելույթում ընդգծել է, որ ծրագիրն ընթանում է բավական արդյունավետ. եթե 2014 թվականին առկա էին 17 հավաստագրված ընկերություններ, ապա այժմ դրանց քանակը կրկնապատկվել է: ՕԳԱՆ ծրագրի ղեկավարն ընդգծել է, որ իրենց ուշադրության կենտրոնում է լինելու հանրային իրազեկման աշխատանքների իրականացումը, քանի որ հանրության միայն 20 տոկոսն է տեղյակ օրգանիկ արտադրանքի և դրա առավելությունների վերաբերյալ: Այս տարվա ընթացքում հանրային իրազեկման տարբեր գործիքների կիրառման շնորհիվ նախատեսվում է շուրջ 15 տոկոսով բարձրացնել հայաստանյան սպառողների տեղեկացվածության մակարդակը:
Միջոցառման ընթացքում ծրագրի շահառուները համառոտ ներկայացրել են իրենց ծրագրերը, որոնք, մասնավորապես, վերաբերում են մեղրի, չրերի (այդ թվում` թզի և արքայանարինջի չրերի) արտադրությանը, լոբու, ելակի և այլ մշակաբույսերի աճեցմանը, պարարտանյութերի արտադրությանը, վայրի խոտաբույսերի հավաքին և այլն:
ՕԳԱՆ ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը: Այն կնպաստի տեղական և միջազգային շուկաներում հայկական օրգանական մթերքի հաջող իրացմանը` բարելավելով իրավական և օրենսդրական դաշտը և տրամադրելով համապարփակ մարքեթինգային աջակցություն:
Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն ծրագիրը նպաստում է նաև հայ ֆերմերների ու վերամշակողների, ինչպես նաև հայ գնորդների և շահագրգիռ եվրոպական ու այլ միջազգային ընկերությունների միջև կապերի հաստատմանը: Բացի այդ, հայ օրգանական մթերք արտադրողները հնարավորություն են ստանում մասնակցել միջազգային օրգանական տոնավաճառներին:
Փոքր ֆերմերների և ֆերմերային խմբերի համար նախատեսված հավելյալ աջակցության ծրագրի նպատակն է խրախուսել և աջակցել փոքր ֆերմերներին և փոքրածավալ վերամշակողներին ավանդականից անցում կատարել օրգանական գյուղատնտեսության կամ զարգացնել իրենց՝ արդեն իսկ գոյություն ունեցող օրգանական արտադրության և վերամշակման կարողությունները:
Նախաձեռնության շրջանակում փոքր ֆերմերներին և փոքրածավալ գյուղատնտեսական մթերք վերամշակողներին կտրամադրվեն գյուղատնտեսական ներդրանքներ, առաջնային անհրաժեշտության սարքավորումներ և գործիքներ, ինչպես նաև կտրամադրվի կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման դասընթացների և խորհրդատվության հնարավորություններ: Յուրաքանչյուր ընտրված դիմորդին տրամադրվող գյուղատնտեսական ներդրանքների և հիմնական սարքավորումների դրամական արժեքը չի կարող գերազանցել 10,000 եվրոն:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին