ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչներին

2017-02-17

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) պատվիրակությանը, որը գլխավորում էր ասոցիացիայի  նախագահ Կարեն Զադոյանը: Հանդիպման նպատակն էր ուրվագծել գյուղատնտեսության ոլորտի առաջնային խնդիրները և քննարկել իրականացվող ծրագրերի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցության հնարավոր եզրերը:

 

Հանդիպման սկզբում Կարեն Զադոյանը տեղեկացրել է, որ ասոցիացիան Եվրոպական Միության օժանդակությամբ մի շարք գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ Հայաստանի մարզերում իրականացնում է 34 ամիս տևողությամբ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, որը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերին: Նա նշել է, որ ծրագրի հիմնական նպատակն է վեր հանել մի շարք ոլորտներում, այդ թվում` նաև գյուղատնտեսության բնագավառում առկա խնդիրները և քաղաքացիական հասարակության ներգրավմամբ մշակել հանրային քաղաքականության նոր ծրագրեր:

 

Նրա խոսքով` ծրագրով նախատեսվում է, մասնավորապես, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում փորձագիտական օժանդակության միջոցով նպաստել այդ թվում գյուղատնտեսության ոլորտում հասարակական կազմակերպությունների ձևավորմանը և բնագավառի քաղաքականության մշակման և իրականացման գործընթացքում դրանց մասնակցության ապահովմանը:

 

 ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ողջունել է  ասոցիացիայի գործունեությունը և նշել,  որ գործում է  նախարարին կից հասարակական խորհուրդ, ինչպես նաև պարբերաբար հանդիպում  է ոլորտի մասնագետների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և կարևորագույն հարցերից է համարում գյուղատնտեսության ոլորտը կանոնակարգող միասնական փաստաթղթի՝ գյուղատնտեսության մասին օրենքի մշակումը: Նախարարը  նշել է,  որ նախարարության մասնագետները պատրաստակամ են գործուն աջակցություն ցուցաբերել, որպեսզի աշխատանքներն ավելի արդյունավետ և սեղմ ժամկետներում իրականացվեն:  

 

«Այսօր գյուղատնտեսության ոլորտում կան առանձին օրենքներ, բազմաթիվ հայեցակարգեր, որոնք թույլ չեն տալիս ապահովել ոլորտի միասնական կարգավորումը: Հնարավորության դեպքում մենք պատրաստ ենք միավորել այս խնդրի լուծմամբ շահագրգռված բոլոր ուժերին և քայլեր ձեռնարկել խնդրի ուսումնասիրման շուրջ», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

 

Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:  

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

 հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Տպել