ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են անտառային ռեսուրսների արդյունավետ կառավարման խնդիրները

2017-01-17

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն` անտառային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը, պահպանությանն ու պաշտպանությանն առնչվող խնդիրները քննարկելու նպատակով:

 

Հանդիպմանը ներկա էին նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Գյուլխասյանը, անտառային տնտեսությունների տնօրեններ,  ոլորտի այլ պատասխանատուներ:

 

Անդրադառնալով ոլորտում այսօր առկա խնդիրներին` նախարարն ընդգծել է, որ հարկավոր է միջոցներ ձեռնարկել ոչ միայն անտառային ռեսուրսների պահպանման, այլև անտառային տարածքների ավելացման և զարգացման ուղղությամբ, որի նպատակով մշակվել է անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգ: 

 

Այդ համատեքստում Իգնատի Առաքելյանը կարևորել է ներդրումների իրականացումը, այդ թվում` նաև միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներգրավմամբ:

 

Նախարարը հանձնարարել է անտառային տնտեսությունների տնօրեններին ներկայացնել առաջարկություններ անտառային տարածքների զարգացման վերաբերյալ:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել