ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են ոռոգման համակարգի բարելավման ուղիները

2017-01-10

1ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր հրավիրվել էր ոռոգման ջրի մատակարարման հիմնախնդիրներին ու դրանց լուծման ուղիների ուսումնասիրմանը նվիրված քննարկում, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Հանդիպմանը ներկա էին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանը  և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի  նախագահի տեղակալ   Նարեկ Գրիգորյանը, այլ  ներկայացուցիչներ:

 

«Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարականի` այսօր կազմակերպել ենք քննարկում շահագրգիռ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի նպատակն է քննարկել ոռոգման համակարգի բարելավմանը, ոռոգման ջրի հասանելիությանն ու մատչելիության ապահովմանն առնչվող խնդիրները, առաջիկայում ոլորտում նախատեսվող ծրագրերը, նախանշել այն համատեղ քայլերը, որոնք մենք կարող ենք ձեռնարկել ոռոգման բնագավառի զարգացման ուղղությամբ», – նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

 

Նախարարը համառոտ ներկայացրել է քաղաքացիների կողմից հաճախ բարձրացվող հարցերը, որոնք հիմնականում վերաբերվում են ոռոգման ջրի հաշվառմանը և ջրամատակարարման ռեժիմի չպահպանմանը, ինչը հանգեցնում է բերքատվության կորուստի: Անդրադարձ է կատարվել որոշ համայնքների ոռոգելի հողատարածքներում ոռոգման նորմաների նորմատիվային ջրապահանջարկի գերազանցմանը:

 

Այս և ոլորտում առկա այլ խնդիրների լուծման համար նախարարն ընդգծել է ոռոգման արդյունավետ եղանակների, մասնավորապես` կաթիլային համակարգի ներդրման կարևորությունը:

 

Հանդիպման ընթացքում արծարծվել են չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի վերաբերյալ տեղեկատվական շտեմարանի ստեղծման անհրաժեշտության, տեղեկատվական բազաների փոխանակման նպատակով շահագրգիռ պետական մարմինների ավելի սերտ համագործակցության հարցերը:

 

Ոռոգման ջրի հասանելիության ապահովման և ջրի կորուստների կրճատման նպատակով ընդգծվել է հողերի խոշորացման անհրաժեշտությունը:

 

Ոռոգման ոլորտի կառավարումն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով նախարար Իգնատի Առաքելյանը շեշտել է ըստ մարզերի ոռոգելի հողատարածքների, ոռոգման ջրի համակարգերի գույքագրման կարևորությունը:

 

Ջրամատակարարման խնդիրները մինչև ոռոգման սեզոնի մեկնարկը հանգամանորեն ուսումնասիրելու և կարգավորելու նպատակով քննարկման արդյունքում որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ` բոլոր շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, որը կուսումնասիրի առկա խնդիրները և առաջարկություններ կներկայացնի ՀՀ կառավարություն:

 

 ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել