ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանին
2016-12-06
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գյուղատնտեսության բնագավառում հայ-հնդկական համագործակցությանն առնչվող հարցեր:
Պարոն դեսպանը գոհունակություն է հայտնել 2016 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած գյուղատնտեսության բնագավառում համագործակցության հայ-հնդկական աշխատանքային խմբի հանդիպման վերաբերյալ` փոխանցելով Հնդկաստանի գյուղատնտեսության և ֆերմերների բարեկեցության նախարարի տեղակալ Ս. Պատտանայակի շնորհակալական խոսքերն արդյունավետ և բովանդակային աշխատանքի համար:
«Հայաստանի և Հնդկաստանի միջև գյուղատնտեսության բնագավառում առկա է համագործակցության մեծ ներուժ և անհրաժեշտ է ակտիվ քայլեր ձեռնարկել աշխատանքային խմբի նախանշած ուղղություններով այդ համագործակցությունը զարգացնելու համար: Մենք միշտ բաց ենք և պատրաստակամ քննարկելու բոլոր փոխշահավետ առաջարկները»,-նշել է Իգնատի Առաքելյանը:
Երկու երկրների պաշտոնյաները մասնավորապես կարևորել են փոխգործակցության խթանումը բուսաբուծության,անասնաբուծության, վերամշակող արդյունաբերության և այլ ճյուղերում:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև 2017 թվականին Հնդկաստանում կայանալիք հայ-հնդկական աշխատանքային խմբի երկրորդ նիստին առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ բաժին