ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ներկայացուցչին

2016-12-05

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Օլիվյե Բուրկիին:

 

Հանդիպման սկզբում վերահաստատելով ՇԶՀԳ պատրաստակամությունը շարունակել բազմակողմ համագործակցությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ` պարոն Բուրկին նշել է, որ Գործակալության հիմնական նպատակներն են խթանել Հայաստանում ձեռնարկատիրական գործունեությունը` աջակցելով փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին, նպաստել երկրում արժեշղթաների զարգացմանը և շուկաների հասանելիության ապահովմանը:

 

Ներկայացնելով հանրապետության մի շարք մարզերում` մասնավորապես Սյունիքում Գործակալության կողմից իրականացվող ծրագրերի բարեհաջող ու արդյունավետ ընթացքը` Օլիվյե Բուրկին ընդգծել է շվեյցարական կողմի նպատակադրությունն ընդլայնել ծրագրերի շրջանակները:

 

Նա նաև շեշտել է, որ ՇԶՀԳ-ն հետաքրքրված է առևտրի և գյուղատնտեսության ոլորտներում Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների ընդարձակմամբ և ամրապնդմամբ:

 

Նշելով, որ կենդանիների հաշվառումն ու համարակալումն այսօր ոլորտի առաջնահերթ խնդիրներից է, որի լուծումը կարևորվում է հատկապես սննդամթերքի անվտանգության ապահովման տեսանկյունից` ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն առաջարկել է այս խնդրի շուրջ կազմակերպել համատեղ քննարկում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

 

Անդրադարձ է կատարվել նաև ՇԶՀԳ աջակցությամբ Հայաստանում իրականացվող նախաձեռնություններին, այդ թվում` Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 100 գյուղական համայնքներում իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում 2014-2020թթ.», «Շուկաներ Մեղրիի համար» ծրագրերին, ինչպես նաև քննարկվել են գյուղատնտեսության ոլորտին առնչվող այլ հարցեր:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել