Հարկավոր է կոնսոլիդացնել գյուղատնտեսության ոլորտի ծրագրերը. Իգնատի Առաքելյան

2016-12-06

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ վարչապետի խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Ռոբերտ Մակարյանը, Աշոտ Հարությունյանը, «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման-ԾԻԳ» ՊՀ, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD), Գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA), «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

 

«Գյուղատնտեսության ոլորտում տարբեր գերատեսչությունների և միջազգային կառույցների կողմից այսօր իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, որոնք հարկավոր է կենտրոնացնել առավել արդյունավետ դարձնելու համար: Այս խորհրդակցության նպատակն է քննարկել այդ ծրագրերի կենտրոնացման և համակարգման հնարավորությունը: Մարզային այցերի ընթացքում ստանում ենք առաջարկություններ, որոնք հարկավոր է համակարգել և շահառուներին ուղղորդել, թե այն որ կազմակերպությանը պետք է ներկայացնել», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը: 

 

Միաժամանակ նախարարը վստահություն է հայտնել, որ տարբեր գերատեսչությունների ու կազմակերպությունների ուժերի կոնսոլիդացման և համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի խուսափել ավելորդ խոչընդոտներից և ապահովել ծրագրերի բարեհաջող ընթացքը: 

 

Քննարկումների արդյունքում Իգնատի Առաքելյանն առաջարկել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանին վերապահել  գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի համակարգման իրավասությունը:

 

Նախարարը նաև տեղեկացրել է, որ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը ֆերմերների համար առավել հասանելի և մատչելի դարձնելու նպատակով նախատեսվում է հրապարակել նախարարության կայքում:

 

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ և  նախատեսվող ծրագրերին, քննարկվել են պետական գերատեսչությունների միջև համագործակցության սերտացմանն ու համատեղ գործունեությանն առնչվող հարցեր:   

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության 

և   հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Տպել