ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ
2016-11-18
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն այսօր ընդունել է կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին` «Աշտարակ կաթ» ընկերության գործունեության դադարեցման պատճառով առաջացած խնդիրները քննարկելու նպատակով:
«Ինչպես տեղյակ եք, «Աշտարակ կաթ» ընկերությունը, որը կաթնամթերքի շուկայում ունի մեծ մասնաբաժին, այսօր հայտնվել է ծանր ֆինանսական վիճակում, ունի գյուղացիական տնտեսություններին կուտակած պարտքեր: Այսօր հարկավոր է քայլեր ձեռնարկել, որպեսզի մթերումների գործընթացը չընդհատվի, և ստեղծված իրավիճակի արդյունքում գյուղացիները չտուժեն», – նշել է փոխնախարարը:
Ռոբերտ Մակարյանը հավելել է, որ այս խնդիրն ունի շուտափույթ լուծման կարիք, քանի որ այն ժամանակին չկարգավորելու դեպքում հաջորդ տարվա գարնան և ամռան ամիսներին կաթի արտադրության ծավալների ավելացմանը զուգահեռ կարող են առաջանալ մթերման հետ կապված լուրջ խնդիրներ:
Միաժամանակ Ռոբերտ Մակարյանը հորդորել է լրացուցիչ քանակի մթերումներ իրականացնելիս թույլ չտալ գնի նվազեցում:
Հանդիպման մասնակիցները տեղեկացրել են, որ իրենց ընկերությունները պատրաստ են իրականացնել լրացուցիչ մթերումներ` կաթի ավելցուկից հարկ եղած դեպքում չոր կաթի կամ պանրի արտադրություն կազմակերպելու նպատակով:
Անդրադառնալով ոլորտում առկա այլ խնդիրներին` ընկերությունների ներկայացուցիչները կարևորել են կաթնամթերքի ներկրումների նկատմամբ պետական վերահսկողության խստացումը, աջակցությունը տեղական արտադրողին, ինչպես նաև տեղական արտադրանքի մրցունակության բարձրացումը:
Ի պատասխան բարձրացված խնդիրների` փոխնախարարը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում ոչ միայն կաթնամթերքի, այլև այլ գյուղատնտեսական արտադրանքի մասով ներկրումները տեղական արտադրանքով փոխարինելու ուղղությամբ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին