ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել է կառավարության ծրագրով իրականացվող միջոցառումների ընթացքը

2016-11-15

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն` կառավարության ծրագրով գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղված միջոցառումների շրջանակում իրականացված աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանը, նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

 

Իր բացման խոսքում նախարար Առաքելյանը նշել է, որ անհրաժեշտ է սահմանել  սեղմ ժամկետներ առաջադրված հանձնարարականների կատարման համար, որպեսզի շաբաթական կտրվածքով նախանշված միջոցառումների մասով  արձանագրվեն արդյունքներ:

 

Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները մանրամասն  զեկուցել են կատարված աշխատանքների ընթացքը, բարձրաձայնել խնդիրները:
Մասնավորապես նշվել է, որ մշակման փուլում են և նոյեմբերի վերջին պատրաստ կլինեն սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի և գործիքակազմի արդյունավետության բարձրացման, անտառային ոլորտի բարեփոխումների և բնակլիմայական աղետներից վնասների կանխարգելման հայեցակարգերի նախագծերը: Արդեն իսկ ներկայացվել է չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի շրջանառության մեջ ներգրավման մեխանիզմների կիրառման ծրագրի նախագիծը:

 

2017 թվականից սկսած սպանդանոցային մորթի անցման հետ կապված նախարարը կարևորել է շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկումների կազմակերպումը և իրազեկման լայնածավալ միջոցառումների իրականացումը:

 

Նախարարին զեկուցվել է, որ  պատրաստ է տնկանյութի և խաղողի պատվաստված տնկանյութի արտադրությամբ զբաղվող գենեֆոնդի պահպանության և ինտենսիվ այգեգործության սելեկցիայի զարգացման գիտաարտադրական կենտրոնի ստեղծման ծրագիրը, որը կներկայացվի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագետների հետ  քննարկումներից հետո:

 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է գյուղատնտեսական տնտեսությունների կոոպերացիայի խթանման միջոցառումների իրականացման հարցը, և հանձնարարվել է այդ ուղղությամբ ներկայացնել համապատասխան ծրագիր:

 

Անդրադառնալով սուբսիդավորման ծրագրերին` նախարարը հանձնարարել է քննարկել և հստակ դիրքորոշում ներկայացնել սուբսիդավորման մեխանիզմների կատարելագործման մասով` գյուղատնտեսության զարգացման քաղաքականության համատեքստում կոնկրետացնելով սուբսիդավորման ուղղությունները և թիրախային խմբերը:

 

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` նախարարը կարևորել է նաև հանրության հետ հետադարձ կապի ապահովումը և բարձրացված խնդիրներին օպերատիվ արձագանքումը:  

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել