ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են մթերումների կազմակերպմանն առնչվող խնդիրներ

2016-11-03

1ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Հանդիպմանը մասնակցում  էին ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը, այլ պետական մարմինների և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպման նպատակն էր քննարկել գյուղմթերքների ավելցուկի մթերման նպատակով պետական ֆինանսավորման նոր սխեմայի կիրառման հարցը, որը մշակվել է նախարարության կողմից:

 

«Պետության և մասնավոր հատվածի միջև հարկավոր է ստեղծել շղթայական կապ, որով մենք կկարողանանք առանց գյուղացու համար ցավագին հետևանքների կազմակերպել գյուղմթերքի ավելցուկի մթերման գործընթացը և խրախուսել արտահանումը: Այդ նոր սխեման մշակվել է, սակայն կան առանձին հարցեր, որոնք քննարկելու նպատակով այսօր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կազմակերպվել է այս հանդիպումը», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

 

 Նախարարը հավելել է, որ ներկայում գործող «հումք հանձնող- վերամշակող/արտադրող- առևտրային կետ/ արտահանող» շղթան բավարար չէ մթերման գործընթացը լիարժեք կազմակերպելու համար, քանի որ պարունակում է պատրաստի արտադրանքի իրացման պահանջարկի անկում կամ չվճարման ռիսկեր: Առաջարկվում  է ներդնել գյուղմթերքի ֆինանսավորման նոր սխեմա,  որով կկազմակերպվի արտադրված գյուղմթերքի ավելցուկի իրացումը:  Նախարարը շեշտել է, որ  ավելցուկի մթերումը կիրականացվի շուկայական գներով, որպեսզի արտադրողը` գյուղացին, չտուժի:

 

Խորհրդակցության ընթացքում որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ շահագրգիռ կողմերի  ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք կուսումնասիրեն ներկայացված սխեմայի ներդրման նպատակահարմարությունը և կտան համապատասխան եզրակացություն:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել