ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Արարատի մարզի մի շարք խաղողագործների

2016-11-09

2ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Արարատի մարզի Քաղցրաշեն և հարակից մի շարք այլ  համայնքների խաղողագործներին: Հանդիպմանը ներկա էին  ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, «Հայաստանի խաղողագործների միություն» ՀԿ նախագահ Արտակ Սարգսյանը, «Վինար» ՍՊԸ տնօրեն Ավետիք Գալստյանը և «Արմա Ալկո» ՍՊԸ-ի ներկայացուցիչը:  Հանդիպման նպատակն էր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկել  2015 թվականին մթերված խաղողի դիմաց չվճարված ֆինանսական պարտավորությունների կատարման հարցը:

 

Հանդիպման ընթացքում խաղողագործներին ներկայացվել է մանրամասն տեղեկատվություն  «Վինար» ՍՊԸ-ի և «Արմա Ալկո»-ի միջև  կոնյակի սպիրտի վաճառքի  իրականացման գործընթացի վերաբերյալ: Կողմերը վստահեցրել են, որ արվում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի գործընթացը կազմակերպվի ամենասեղմ ժամկետներում, և ամենաուշը միչև տարեվերջ մարվեն բոլոր ֆինանսական պարտավորությունները:  

 

«Անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները, որպեսզի գյուղացիական տնտեսություններին ունեցած պարտքերը մարվեն առավելագույնս սեղմ ժամկետում, և  նախարարությունը պատրաստ է իր իրավասության սահմաններում ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի գործընթացն առավել արագ ընթանա»,- նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է նաև, որ  «Վեդի Ալկո»  ընկերությունը սպիրտի վաճառքի դիմաց ստացել է գումարի մի մասը՝ 54 մլն դրամը,   և այսօրվանից սկսել է   խաղողագործների պարտքերի մարման գործընթացը:

 

Նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանին հանձնարարվել է խիստ վերահսկողություն իրականացնել նշված գործընթացի նկատմամբ և ընթացքի վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն տրամադրել համայնքապետերին` գյուղացիներին իրազեկելու նպատակով:

 

Նախարարը հորդորել է գյուղացիներին ցանկացած հարցի և դժգոհության դեպքում դիմել նախարարություն` վստահեցնելով, որ պատրաստակամ են ձեռնարկել բոլոր միջոցները խնդիրներին լուծում տալու համար:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել