Եվրամիության պատվիրակության հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

2016-11-15

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը:

 

Հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության ոլորտում հետագա համագործակցության հեռանկարները:

 

«Եվրամիությունը մեծ աջակցություն է ցուցաբերում Հայաստանում գյուղատնտեսության բնագավառի զարգացմանը, ինչը շատ բարձր է գնահատվում ՀՀ կառավարության կողմից: Այնուամենայնիվ, ոլորտում դեռ առկա են շատ խնդիրներ, որոնց լուծման համար մենք ակնկալում ենք ձեր օժանդակությունը», – ողջունելով հյուրերին նշել է նախարար Առաքելյանը:

 

Պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսն իր հերթին տեղեկացրել է, որ Եվրամիությունը նախատեսում է շարունակել աջակցությունը գյուղատնտեսության բնագավառում` միաժամանակ հավելելով, որ անհրաժեշտ է ճշգրտել այն ուղղությունները, որոնցում հայկական կողմն առավել նպատակահարմար է գտնում փոխգործակցել` ելնելով երկրի գյուղատնտեսության ոլորտի ներկայիս առաջնահերթություններից և գերակա խնդիրներից:

 

Ագրարային ոլորտի առաջնային խնդիրների թվում նախարար Իգնատի Առաքելյանը, մասնավորապես, առանձնացրել է գյուղատնտեսության վերավարկավորման, կոոպերացիայի զարգացման, սուբսիդավորման ծրագրերի, իսկ վերամշակող ճյուղում` մթերման գործընթացի բարելավման հարցերը:

 

Նախարարը կարևորել է նաև անասնապահության ոլորտի զարգացումը, ինչը կնպաստի արտադրանքի ծավալների, ինչպես նաև ֆերմերների եկամուտների ավելացմանը:

 

Պատվիրակության անդամները վստահեցրել են, որ  ներկայացված առաջարկները հանգամանորեն կուսումնասիրվեն և հնարավորության դեպքում կներառվեն հետագա համատեղ ծրագրերի մեջ: Անհրաժեշտության դեպքում հայկական կողմին կտրամադրվի նաև խորհրդատվական ծառայություն:

 

 Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել