​Գյուղատնտեսությունն ինչպես որ կա. ի՞նչ է առաջարկում նորանշանակ նախարարը

2016-10-25

naxararԳյուղատնտեսությունը Հայաստանում իր հազար ու մի խնդիրներով, հին ու նոր հոգսերով, նաև կարևորությամբ առանցքային ոլորտներից է, որտեղ միշտ անելիք կա: Ինչքան էլ դրական ու լավ քայլեր արվեն, միևնույն է, բավարար չեն: «Անկախը» փորձել է զրուցել գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանի հետ՝ նախապես խնդրելով հնարավորինս անկեղծ ներկայացնել իր պատկերացումները ոլորտի խնդիրների ու հարցերի, ինչպես նաև դրանց լուծումների վերաբերյալ:

 

- Հարգելի՛ նախարար, որո՞նք են այն խնդիրները գյուղատնտեսության ոլորտում, որոնք Դուք փորձելու եք լուծել առաջին հերթին:

 

- Հանրապետության գյուղատնտեսությունում, ոլորտի առանձնահատկություններով և տարբեր գործոններով պայմանավորված, կան բազմաթիվ խնդիրներ: Գլխավոր խնդիր է մնում երկրի պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը, որի ենթատեքստում կարևորվում են հիմնական ռեսուրսների, հատկապես՝ հողային ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացումը, սերմնաբուծության համակարգի բարելավումը, տոհմային անասնաբուծության և անասնաբուժական համակարգերի կատարելագործումը, կոոպերացիայի խթանումը, տեխնոլոգիաների կատարելագործումը և ինտենսիվ տեխնոլոգիաների կիրառումը, գյուղատնտեսական ծագման արտադրանքի իրացման համակարգի բարելավումը, բնական աղետների հետևանքների մեղմումը և այլն: Նշված խնդիրներից որևէ մեկի անտեսումը ցանկալի արդյունքների չի հանգեցնի, հետևաբար, մեր ջանքերը պետք է ուղղենք նշված խնդիրների համամասնական իրատեսական լուծումների որոնմանը:

 

-Գյուղատնտեսության ոլորտը, որպես ամենառիսկային ոլորտներից մեկը, ինչպե՞ս պետք է զարգանա հետայսու, որպեսզի այդ ռիսկերը հնարավորինս կառավարելի լինեն, ռիսկերի կառավարման ո՞ր համակարգին կամ գործիքներին եք կողմ:

 

– Մեր կողմից նախընտրելի են համարվում գյուղատնտեսության ռիսկերի կառավարման հետևյալ երկու ուղղությունները: Առաջինը ռիսկերի մեղմման միջոցառումների իրականացումն է (հակակարկտային արդյունավետ միջոցների կիրառումը, ոռոգման համակարգերի արդիականացումը, ջրապահովվածության մակարդակի բարձրացումը, ցրտադիմացկուն և երաշտադիմացկուն սորտերի կիրառումը, անասնաբուժական կանխարգելիչ և ախտորոշիչ համակարգի բարելավումը և այլն), մյուսը՝ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի աստիճանական ներդրումն է:

 

- Եթե կարելի է, ներկայացրեք Ձեր պատկերացումները գյուղացիական տնտեսություններին ու ֆերմերներին տրվող պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ: Այն, ինչ արվել ու արվում է, բավարա՞ր եք համարում, և եթե ոչ, ապա էլ ի՞նչ ծրագրեր եք պատրաստվում կամ գոնե կուզեիք իրականացնել:

 

- Իհարկե, որպես գյուղատնտեսության նախարար, իմ առաջին խնդիրներից է եղել իրականացված պետական ծրագրերի ուղղությամբ իմ պատկերացումների առավել խորացումը և դրանց ուժեղ և թույլ կողմերի գնահատումը: Վերջինս հիմք պետք է ծառայի ոլորտում առավել հիմնավորված պետական քաղաքականության իրականացման համար: Այսօր շատերը ցանկանում են ներդրումներ կատարել գյուղատնտեսության ոլորտում, և դա ողջունելի է: Ուստի մենք այստեղ շատ անելիք ունենք: Քննարկվում է հետևյալ տարբերակը. մենք բոլոր շահագրգիռ մարմինների հետ ցանկանում ենք կազմել մի փաթեթ, որտեղ կընդգրկենք ներդրումներ կատարողներին հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները և այն ուղղությունները, որոնք մեր երկրում զարգացման մեծ ներուժ ունեն:

 

- Անդրադառնանք նաև գյուղատնտեսական վարկերի խնդրին. ի՞նչ եք կարծում, Հայաստանում այսօր առկա պայմաններով ու տոկոսադրույքներով վարկերով հնարավո՞ր է գյուղատնտեսություն զարգացնել, և ի՞նչ եք նախաձեռնելու, որպեսզի գյուղատնտեսական վարկերի պայմանները բարենպաստ դառնան:

 

- Անկեղծ լինենք, այո, առկա վարկային պայմանները բավարար չեն, ուստի քայլեր ենք անում, որպեսզի ստեղծենք բարենպաստ պայմաններ գյուղատնտեսությամբ զբաղվողների համար:

 

- Օրինակ` Իսրայելն այսօր աշխարհում առաջատար տեղեր է զբաղեցնում գյուղատնտեսության ոլորտում, և դա բարձր զարգացած` տեխնոլոգիական գյուղատնտեսության և նոր տեխնոլոգիաների ներդրման համար պետության խրախուսման, աջակցության ծրագրերի շնորհիվ: Ինչպե՞ս է պետությունը խթանելու, որպեսզի գյուղացիներն ու ֆերմերներն ավելի շատ տեխնոլոգիական լուծումներ փորձեն կիրառել իրենց տնտեսություններում:

 

- ՀՀ կառավարության նոր ծրագրում շեշտադրվում է ինտենսիվ տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը և դրանց իրականացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը, մասնավորապես՝ մասնագիտական, նյութական բազայի ապահովումը, մատչելի պայմաններով փոխառու միջոցների տրամադրումը և այլն:

 

- Հայաստանում վաղուց կարծես գերխնդիր է դարձել մշակաբույսերի նոր սորտերի, կենդանիների նոր ցեղատեսակների ներդրման հարցը, ինչպե՞ս եք պատկերացնում այդ հարցի լուծումը, դրսից ներկրե՞լը, թե՞ տեղում ստեղծելն է Ձեզ համար ընդունելի: Երկու դեպքում էլ գյուղացին ու ֆերմերը հաճախ միայնակ ի վիճակի չեն լուծելու այս խնդիրը, ինչպե՞ս եք պատրաստվում նրանց օգնել այդ հարցում:

 

- Մշակաբույսերի սերմերի և գյուղատնտեսական կենդանիների ներմուծման հետ մեկտեղ առավել նախընտրելի ենք համարում հանրապետությունում դրանց վերարտադրության ու սելեկցիայի ապահովումը և մատչելի պայմաններով գյուղացիական տնտեսություններին մատակարարումը՝ առավել ուշադրություն դարձնելով պետական ծրագրերի շահառուների հաշվետվողականությանը և արդյունքների ապահովմանը:

 

- Գյուղացիներն իրավացիորեն շատ են դժգոհում գյուղատնտեսական տեխնիկայից: Դրանք կա՛մ չկան, կա՛մ շատ քիչ են, հին ու մաշված, չեն բավարարում գյուղի այսօրվա պահանջներին: Իսկ նոր տեխնիկան թանկ է ու հատուկենտ ֆերմերների կամ տնտեսությունների է հասանելի: Ձեր պատկերացմամբ՝ ինչպե՞ս պետք է այս խնդիրը լուծվի:

 

- Ոլորտի խնդիրների մեջ ներկայումս առանձնանում է գյուղատնտեսության տեխնիկական հավաքակազմի նորացման խնդիրը: Գյուղատնտեսությունում տնտեսվարողների ներկայիս վճարունակության պայմաններում մատչելի չէ շուկայական գներով տեխնիկական միջոցների գնումը և շահագործումը: Խնդրի լուծման ուղղություններից կարող է լինել մատչելի լիզինգային մեխանիզմների կիրառումը, լիզինգի կանխավճարի սուբսիդավորումը, վարկային և դրամաշնորհային ծրագրերի միջոցով տեխնիկայի մատակարարումը, կոոպերատիվների միջոցով տեխնիկական միջոցների ձեռքբերումը և համատեղ օգտագործումը, մեքենա-տրակտորային հավաքակայանների ստեղծումը և այլն:

 

Խոսենք նաև գյուղմթերքների սպառման ու գների մասին: Գյուղացիները շատ են դժգոհում, որ իրենց աշխատանքը պատշաճ չի գնահատվում, գյուղացին չի որոշում իր ապրանքի գինը, ոչ էլ շուկան, այլ որոշ սուբյեկտներ վարչա-հրամայական ձևերով: Ինչպե՞ս պետք է կարգավորվեն այս հարցերը:

 

- Անշուշտ, գյուղատնտեսական մթերքների իրացումը կարևորագույն հարց է: Իմ պատկերացումն այդ հարցում հստակ է. գյուղացիական տնտեսությունները պետք է բարձրացնեն արտադրանքի արդյունավետությունը՝ հասցնելով այն մաքսիմալ բերքատվության ցուցանիշներին: Այդ ամենը նրանց թույլ կտա նվազեցնել արտադրվող գյուղմթերքի ինքնարժեքը: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ևս աշխատանքներ է տանում, որպեսզի մասնագիտական խորհրդատվության և մեքենայացման շնորհիվ գյուղացիական տնտեսությունների եկամուտներն ավելանան: Նրանք կարող են նաև ստեղծել միություններ, միավորումներ, կոոպերատիվներ և դառնալ մի հզոր ուժ, որն արտադրում է ցածր ինքնարժեքով ու մրցակցային գնով գյուղմթերք, և շուկայում լինել հավասար կողմ ու հավասար պայմաններում բանակցել մթերող կազմակերպությունների հետ:

 

- Գյուղմթերքների իրացման առումով էլ խնդիրներ կան, այդ թվում նաև գյուղացիական տնտեսություն-վերամշակող հարաբերությունների օղակում: Գյուղացին դժգոհ է վերամշակողից ու պետությունից, վերամշակողը` գյուղացուց ու պետությունից, իսկ պետությունը մեղադրում է երկուսին էլ, որ բիզնես անել չգիտեն ու շուկայական տնտեսության նորմերին չեն հետևում: Դուք ի՞նչ մոտեցում ունեք այս հարցին, ի՞նչ լուծում եք առաջարկելու:

 

- Այս ուղղությամբ կարևոր ենք համարում գյուղատնտեսական հումքի որակական չափանիշների սահմանումը և դրանց համարժեք գների տարբերակումը և պայմանագրային հարաբերությունների կիրառմամբ իրացման գործընթացի կանոնակարգումը: Այստեղ, ինչպես գյուղացիների կողմից հումքի արտադրությունը, այնպես էլ հումքի վերամշակումը հանդիսանում են առանձին բիզնեսներ և պետք է գործեն շուկայական հարաբերություններին համարժեք:

 

- Փորձենք ամփոփել. հեշտ կլինի՞ Ձեր նշած արդյունքներին հասնելը և որքա՞ն ժամանակ, ըստ Ձեզ, կպահանջվի դրա համար:

 

- Ամփոփելով պետք է փաստել, որ ոլորտում խնդիրները շատ են, և մենք աշխատում ենք երկու թիրախային նպատակակետի ուղղությամբ, որպեսզի նախ՝ կարճաժամկետ պլանում կարգավորենք օպերատիվ լուծման անհրաժեշտություն ունեցող ցավոտ հարցերը, և միևնույն ժամանակ զուգահեռ մշակում ենք ոլորտի հեռանկարային զարգացման տեսլական, որը հնարավորություն կտա համակարգային և արմատական փոփոխություններ կատարելու և վերացնելու այդ խնդիրները ծնող պատճառները՝ հետագայում նման ոչ ցանկալի իրավիճակների կրկնությունները բացառելու համար: Անշուշտ, սրանք հեշտ և շատ արագ լուծվող հարցեր չեն, բայց լիահույս եմ, որ բոլոր շահագրգիռ կողմերի համատեղ ջանքերի և հետևողական աշխատանքի շնորհիվ կարող ենք և կունենանք դրական արդյունքներ:

Տպել