Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայ-արգենտինյան համագործակցության հարցեր
2016-10-17
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի գլխավորած պատվիրակությանը:
Դեսպանը շնորհավորել է Իգնատի Առաքելյանին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար` շեշտելով, որ գյուղատնտեսությունը հայ-արգենտինյան տնտեսական փոխգործակցության համար առանձնահատուկ կարևորություն ունեցող ոլորտ է:
«Հայաստանի և Արգենտինայի միջև գյուղատնտեսության ոլորտում ձևավորվել են երկկողմ գործակցության լավ ավանդույթներ, և առկա են հստակ նախադրյալներ այդ համագործակցությունը խորացնելու համար: Մենք պատրաստ ենք բոլոր հարցերում աջակցություն ցուցաբերել, որպեսզի արգենտինյան փորձը և տեխնոլոգիական առաջընթացը կիրառություն գտնեն երկրի գյուղատնտեսության տարբեր ճյուղերում` գյուղմթերքի արտադրողականության և որակի բարելավման նպատակով», – նշել է նախարար Առաքելյանը:
Գոհունակություն հայտնելով Հայաստանի և Արգենտինայի միջև առկա համագործակցության բարձր մակարդակով` դեսպան Ուրրիոլաբեիտիան հավելել է, որ վերջին տարիներին երկու երկրների մասնագետները փոխայցեր են կատարել գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հնարավոր ուղիներն ուսումնասիրելու, փորձի փոխանակման, ծրագրերի իրականացման նպատակով, և այդ համատեքստում նոյեմբեր ամսին ակնկալվում է արգենտինացի մասնագետների հերթական այցը Հայաստան:
Դեսպանը նաև նշել է, որը վաղը Հայաստան են ժամանելու Գյուղատնտեսական փորձարկումների տարածաշրջանային կոնսորցիում (CREA) խմբի ներկայացուցիչները, որոնք կհանդիպեն ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուների հետ` մասնավորապես կաթնամթերքի արտադրության և լոլիկի մշակության ոլորտներում մասնագիտական քննարկումներ ունենալու և իրենց աշխատանքային մեթոդաբանությունը ներկայացնելու նպատակով, որը Արգենտինայում կիրառվում է 1960 թվականից և հաջողություններ է գրանցել տարբեր երկրներում: Բացի այդ, նախատեսվում է «Արմպրոդէքսպո» միջազգային մասնագիտական ցուցահանդեսի շրջանակում կազմակերպել սեմինար առավել լայն մասնագիտական շրջանակների համար:
Ողջունելով նախաձեռնությունը` Իգնատի Առաքելյանը կարևորել է մասնավոր ոլորտին այդ աշխատանքներում ներգրավելու և իրազեկելու հարցը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին