Մենք պետք է ստեղծենք արժեքներ, որոնք մրցունակ կլինեն և եկամուտ կբերեն. ՀՀ գյուղատնտեսության նախարար
2016-10-14
Պարենի համաշխարհային օրվան ընդառաջ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների համար այսօր կազմակերպել էր այցելություն ծիրանի, խաղողի կոլեկցիոն ու ցուցադրական այգիներ և բաց դաս, որին մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզզետոն: Միջոցառմանը ներկա էին նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Պասկալ Միշոն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը, այլ պաշտոնատար անձինք:
Նախարարը ծանոթացել է կոլեկցիոն այգիներում կատարված աշխատանքներին: Խաղողի կոլեկցիոն այգու հիմնման համար այստեղ հավաքագրվել է մոտ 280 սորտ Հայաստանի խաղողագործական բոլոր գոտիներից, բացառությամբ հյուսիս-արևելյանի, իսկ ծիրանի այգում` 82 սորտ, ներդրվել են նորագույն տեխնոլոգիաներ։
Նախարարը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել Միավորված Ազգերի կազմակերպությանը, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը գյուղատնտեսության ոլորտում ցուցաբերվող աջակցության համար` հավելելով, որ Հայաստանն ունի բավարար ներուժ իր համեստ ներդրումն ունենալու պարենի ապահովության համաշխարհային խնդիրների լուծման հարցում` տեղական ագրոարտադրանքի արտահանման միջոցով:
Այնուհետև նախարար Իգնատի Առաքելյանն իր խոսքն ուղղել է Ագրարային համալսարանի ուսանողներին.
«Աշխարհը շատ արագ է փոխվում, փոխվում են բնակլիմայական պայմանները, և այս պարագայում միայն ասել, որ մենք ամենալավն եք, մեր ծիրանն ամենահամեղն է և դրանով բավարարել, ճիշտ չէ: Մենք պետք է ստեղծենք արժեքներ, որոնք մրցունակ կլինեն և եկամուտ կբերեն, սելեկցիայի շնորհիվ սորտերը դարձնենք առավել բերքատու և դիմացկուն` պահպանելով հայկական համային հատկանիշները: Այս հարցում հատկապես կարևոր է Ագրարային համալսարանի կադրերի մասնագիտական որակի ապահովումը, քանի որ այսօր աշխատաշուկայում ցավոք ունենք լավ մասնագետների պակաս: Օգտվեք այս հնարավորությունից, զարգացրեք Ձեր մասնագիտական գիտելիքները, որովհետև այժմ մենք գյուղատնտեսության զարգացման ծրագիր ենք մշակում, որը կյանքի կոչելու համար մեզ անհրաժեշտ են բարձրորակ մասնագետներ»,- մասնավորապես նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը` ապագա ագրոնոմներին մաղթելով հաջողություններ և հետաքրքիր կրթական տարիներ:
«Կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու համար ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը գտնում է, որ պետք է փոխել գյուղատնտեսության վարման եղանակները, դրանք համապատասխանեցնել կլիմայի փոփոխությանը։ Այսինքն, օգտագործելով նույն հողատարածքները նոր մոտեցմամբ և եղանակով, ստանալ ավելի շատ բերք, խնայողաբար օգտագործել բնական պաշարները, օրինակ՝ ջրային, կրճատել պարենի, սննդամթերքի կորուստները, խթանել ռեսուրսախնայող գյուղատնտեսության վարումը», – նշել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը։
Այնուհետև նախարարն այցելել է Երկրագործության գիտական կենտրոն և հանդիպում ունեցել աշխատակազմի հետ: Նախարարը նշել է, որ գյուղատնտեսության զարգացման համար այս կենտրոնը մեծ կարևորություն ունի և պետք է ծրագրեր իրականացնել դրա գործունեությունը խթանելու, զարգացման ծրագրեր իրականացնելու, եկամտաբերությունն ավելացնելու և գյուղացիների համար օգտակար դարձնելու ուղղությամբ:
Պարենի համաշխարհային օրը նշվում է հոկտեմբերի 16-ին, որը ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը 1945 թվականից ի վեր տոնում է որպես ՊԳԿ-ի հիմնադրման օր։ Այս տարի այն կրում է «Կլիման փոփոխվում է։ Գյուղատնտեսությունը և պարենը նույնպես պետք է փոփոխվեն» խորագիրը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին