ՀՀ նախագահը ներկա է գտնվել «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը
2016-10-21
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը, որի նպատակն է՝ ներկայացնել գյուղատնտեսական արտադրության, գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, գնահատել սեփական արտադրանքի մրցունակությունը, ընդլայնել արտահանման հնարավորությունները, հաստատել գործարար կապեր, այցելուներին և հյուրերին ցուցադրել բարձրորակ գյուղատնտեսական և պարենային ապրանքի տեսականին:
Ցուցահանդեսին մասնակցում են հանրապետության մարզերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության, գյուղատնտեսական մթերք վերամշակող արտադրության գրեթե բոլոր ճյուղերի ներկայացուցիչներ, ինչպես նաև ագրարային ոլորտը սպասարկող և ծառայություններ մատուցող շուրջ 90 կազմակերպություն:
Հանրապետության Նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ապրանքատեսականուն, ցուցահանդեսի մասնակիցների հետ զրուցել նրանց զարգացման ծրագրերի և խնդիրների մասին:
Աղբյուրը` ՀՀ Նախագահի պաշտոնական կայքէջ
***
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի ելույթը «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը
Հայաստանի Հանրապետության Մեծարգո Նախագահ,
Հարգելի գործընկերներ,
Հայաստանի Հանրապետությունն անկախության հռչակումից հետո որդեգրել է շուկայական տնտեսության կայացման և տնտեսական վերափոխումների քաղաքականություն։ Հատկանշական է, որ այդ գործընթացը սկզբնավորվեց գյուղատնտեսության ոլորտում հողի սեփականաշնորհմամբ, հետագայում ագրոպարենային համալիրի բոլոր ոլորտների մասնավորեցմամբ և շուկայական հարաբերությունների արմատավորմամբ:
Գյուղատնտեսությունը համարվում է տնտեսության առանցքային ոլորտ, և դրան պետք է համահունչ լինի իրականացվող պետական քաղաքականությունը: Ներկայիս իրավիճակը պահանջում է սկզբունքորեն նոր մոտեցումներ ցուցաբերել ագրարային ոլորտի զարգացմանը։
Չնայած այն հանգամանքին, որ վերջին տարիներին գյուղատնտեսությունում ապահովվել են որոշակի դրական տեղաշարժեր, ոլորտում դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ:
Մտահոգող է գյուղատնտեսական հողատեսքերի, հատկապես վարելահողերի նպատակային և արդյունավետ օգտագործման վիճակը:
Դեռևս դանդաղ են ընթանում տնտեսությունների խոշորացման, կոոպերացման, գյուղացիական տնտեսությունների համատեղ գործունեության խթանման գործընթացները:
Խնդիրներ կան կապված գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացման, սերմնաբուծության համակարգի բարելավման, գյուղատնտեսական կենդանիների մթերատվության բարձրացման, տոհմային գործի կազմակերպման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, գյուղատնտեսությունում տնտեսավարողներին ծառայությունների մատուցման, բնական աղետի հետևանքների մեղմման հետ և այլն:
Առավել ընդգծված է գյուղատնտեսական մթերքների իրացման խնդիրը:
Վերոհիշյալ խնդիրների լուծմանն է ուղղվելու կառավարության ծրագրով նախանշվող ուղղություններով քաղաքականության իրականացումը:
Հարգելի գործընկերներ,
Ավանդույթ է դարձել ամեն տարի գյուղատնտեսական տարվա ավարտին մեր ժողովրդին ներկայացնել ագրարային ոլորտի աշխատանքի արդյունքները` ցուցահանդեսի միջոցով մատուցելով այն, ինչը հայ գյուղացիների ջանքերի և աշխատանքի շնորհիվ պարգևել է հայրենի գյուղը և հողը:
Գյուղատնտեսության աշխատողի օրվա միջոցառումների շրջանակում, այսօր մեկնարկում է «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսը, որին մասնակցում են հանրապետության մարզերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության, գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արտադրության գրեթե բոլոր ճյուղերի ներկայացուցիչներ, ինչպես նաև ագրարային ոլորտը սպասարկող և ծառայություններ մատուցող շուրջ 90 կազմակերպություն:
Այս միջոցառումը գյուղի աշխատավորի, ագրովերամշակող արդյունաբերության ոլորտում ներգրավված աշխատակիցների շնորհակալ աշխատանքի, պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունքն է:
Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել գյուղատնտեսական արտադրության, գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, գնահատել սեփական արտադրանքի մրցունակությունը, ընդլայնել արտահանման հնարավորությունները, հաստատել գործարար կապեր, այցելուներին ու հյուրերին ցուցադրել բարձրորակ գյուղատնտեսական և պարենային ապրանքների տեսականին:
Գյուղատնտեսության զարգացման գործում, կարևորվում է արտադրություն-շուկա-վերամշակում-արտահանում փոխկապակցված և համահունչ շղթայի արդյունավետության ապահովումը, որտեղ առավել կարևորվում է վերամշակող ոլորտի զարգացումը, վերազինումն ու կարողությունների հզորացումը, որպես գյուղատնտեսության ոլորտի զարգացման կարևոր գործոն:
Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման և տնտեսական աճի ապահովման նպատակով` հանրապետության կառավարությունն ագրոպարենային ոլորտում շարունակում է վարել արտահանման ներուժի բացահայտմանն ու ընդլայնմանն ուղղված պետական քաղաքականություն: Վերջինիս համար կարևորվում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված հնարավորությունների առավել արդյունավետ օգտագործումը:
Համոզված եմ, որ այս ցուցահանդեսը խթան կհանդիսանա պետություն-մասնավոր հատված հետագա համագործակցության ընդլայնման և հանրապետության ագրոպարենային ոլորտի զարգացման համար:
Ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին և կազմակերպիչներին` մաղթում եմ արդյունավետ աշխատանք:
«Արմպրոդէքսպո-2016» մասնագիտացված ցուցահանդեսը հայտարարում եմ բացված:
Շնորհակալություն