ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Լիտվայի գյուղատնտեսության փոխնախարարին

2016-10-21

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Լիտվայի գյուղատնտեսության նախարարության պատվիրակությանը, որը գլխավորում էր նախարարի տեղակալ Գինտաս Սաուլիուս Ցիրոնկան: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը։

 

Հանդիպման սկզբում Լիտվայի գյուղատնտեսության նախարարի տեղակալը շնորհավորել է Իգնատի Առաքելյանին նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման շրջանում հայ-լիտվական հարաբերությունները կշարունակեն զարգանալ:

 

Գոհունակություն հայտնելով հայ-լիտվական փոխգործակցության ներկա բարձր մակարդակով` նախարար Իգնատի Առաքելյանն ընդգծել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատրաստակամությունը համագործակցել լիտվացի գործընկերների հետ տարբեր ուղղություններով:

 

Լիտվական կողմին առաջարկվել է  երկկողմ ծրագրեր իրականացնել մասնավորապես  ձկնաբուծության, օրգանական գյուղատնտեսության, ինչպես նաև անասնաբուծության ոլորտներում` գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու արժեքի բարելավման նպատակով: 

 

Այս համատեքստում Իգնատի Առաքելյանը հավելել է, որ հայ մասնագետների համար չափազանց կարևոր և օրինակելի կլինի լիտվական փորձը:

 

Հանդիպմանը ՀՀ գյուղատնտեսության նախարարն առաջարկել է ուսումնասիրել համատեղ ձեռնարկությունների ստեղծման, ինչպես նաև երկու երկրների միջև պարենային  ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հնարավորությունները՝ պայմանավորված Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ:

 

Զրույցի ընթացքում լիտվական կողմից առաջարկ է հնչել վերանայել 2005 թվականին երկու երկրների միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Լիտվայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը` ներառելով փոխգործակցության նոր ուղղություններ:

 

Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարը խնդրել է  փոխանցել իր լիտվացի պաշտոնակցին Հայաստան այցելելու հրավերը:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տպել