ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպան Ժան Մաքարոնին
2016-10-19
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնին` երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով:
Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորել է Իգնատի Առաքելյանին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք:
«Ես տեղյակ եմ, որ Հայաստանի և Լիբանանի միջև գյուղատնտեսության ոլորտում ձևավորվել են սերտ հարաբերություններ, Լիբանանի դեսպանատունը ձեռնարկում է մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնություններ, լիբանանցի գործարարները շահագրգռված են Հայաստանում ներդրումներ իրականացնելու գործում: Կցանկանայի շեշտել, որ մենք պատրաստ ենք լիբանանյան կողմի հետ համագործակցել տարբեր ուղղություններով և քննարկման առարկա դարձնել ներկայացվող առաջարկները», – ողջունելով հյուրին` նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Որպես համագործակցության հնարավոր ուղղություն` նախարարն առաջարկել է ուսումնասիրել համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը:
Դեսպան Ժան Մաքարոնն իր հերթին համառոտ ներկայացրել է լիբանանյան գործարարների կատարած ներդրումները Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում` հատկապես կարևորելով «Գարդենիա Լեբանիզ Ֆարմս» ընկերության գործունեությունը, որի ջանքերով 2015 թվականի մայիսին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում հիմնվել են «պեկան» տեսակի ընկուզենու այգիներ:
Հյուրը նաև տեղեկացրել է, որ լիբանանցի գործարարները ներկայումս մեծապես հետաքրքրված են ներդրումներ իրականացնել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում, մասնավորապես` կարտոֆիլի վերամշակման ոլորտում:
Հանդիպման ավարտին նախարարը ևս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել գյուղատնտեսության ոլորտում հայ-լիբանանյան համագործակցության ընդլայնման և նոր գործարար կապերի հաստատման հարցում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին