ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայ ֆերմերների միության անդամներին

2016-10-04

2ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հանդիպել է Հայ ֆերմերների միության, ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի անդամներ Հրաչիկ Ջավադյանին, Աշոտ Ոսկանյանին և Սերգեյ Ստեփանյանին ոլորտի խնդիրները և զարգացման ծրագրերը քննարկելու նպատակով:

 

Նախարարը նշել է, որ մեծապես կարևորում է հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը պետական ծրագրերի մշակման աշխատանքներում, և նախատեսում է առաջիկայում հանդիպել  գյուղատնտեսության ոլորտի  հասարակական հատվածի տարբեր ճյուղերի ներկայացուցիչների հետ՝ առկա խնդրիների շուրջ նրանց մոտեցումները ճշգրտելու նպատակով  և լսելու նրանց առաջարկները, որոնք հաշվի կառնվեն նոր ծրագրի կազմման ժամանակ:

 

Իրենց հերթին Հայ ֆերմերների միության անդամները շնորհավորել են Իգնատի Առաքելյանին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահեցրել, որ պատրաստակամ են աջակցել և իրենց փորձով օգտակար լինել նախարարությանն առավել արդյունավետ քաղաքականություն մշակելու և գյուղատնտեսության ոլորտի առաջ ծառացած խնդիրների լուծման ուղիներ գտնելու գործում:

 

Հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր գյուղատնտեսության ոլորտի սուբսիդավորման ուղղությունների և մեխանիզմների, արտադրության կազմակերպման, իրացման և այլ խնդիրների վերաբերյալ:

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել